Ամուսնությունը մեծացնում է քաղցկեղը հաղթահարելու շանսերը

11 ապրիլի, 2016  22:32

Ուռուցքային հիվանդություններով հիվանդները քաղցկեղը հաղթահարելու ավելի մեծ շանսեր ունեն, եթե ամուսնական հարաբերությունների մեջ են, պնդում են Սան Դիեգոյում Կալիֆորնիական համալսարանի գիտնականները:  

Գիտնականներն իրենց հետազոտության մեջ Կալիֆորնիայի նահանգի ուռուցքային հիվանդությունների ռեեստրի տվյալներ են օգտագործել: Աշխատանքում վերլուծվել են տվյալներ մոտ 800 հազար մարդու մասին, որոնց մոտ ախտորոշվել էր քաղցկեղային այն տասը հիվանդություններից մեկը, որն ամենամեծ հավանականությամբ մահացու ելք կունենա: Հետազոտությունն ընդգրկում է այնպիսի հիվանդների, որոնց ախտորոշում է արվել 2000-ից 2009-ին, գիտնականները նրանց հետեւել են մինչեւ 2012-ի վերջը:

«Մենք ենթադրում ենք, որ գործ ունենք այնպիսի գործոնների հետ, որոնք ավելի շատ վերաբերում են սոցիալական աջակցությանը, քան տնտեսական կողմին», —հետազոտության հեղինակներից մեկի` Սան Դիեգոյում Կալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Մարիա Ելենա Մարտինեսի խոսքերն է մեջբերում The Guardian թերթը:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամուսնությունը դրականորեն է ազդում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց վրա, բայց քաղցկեղի դեմ պայքարի գործում ամուսնացածության արդյունավետությունը փոխվում է` կախված սեռից, ռասայից եւ էթնիկ պատկանելիությունից: Գիտնականները պարզել են, որ ամուսնությունն ամենամեծ ազդեցությունը թողել է ոչ լատինաամերիկյան ծագմամբ հիվանդների վրա:  

Պարզվել է, որ ամուրիների մոտ քաղցկեղից մահանալու հավանականությունը 24 տոկոսով ավելի բարձր է, քան ամուսնացած տղամարդկանց, իսկ չամուսնացած հիվանդների մոտ մահացության մակարդակը 17 տոկոսով ավելի բարձր է, քան ամուսնացածների մոտ: 

Այժմ գիտնականներին անհրաժեշտ է պարզել, թե որն է ամուսնացած լինելու առավելությունը: Պատճառը գուցե սոցիալական աջակցությունն է այնպիսի իրավիճակներում, երբ ամուսիններից մեկը մյուսին հնարավորություն է տալիս հաղթահարել դեպրեսիան, հիվանդության ախտանիշների առկայության դեպքում համոզում է գնալ բժշկի կամ էլ ուղղակի հիշեցնում է դեղերը ժամանակին խմելու մասին, հայտնել է Մարիա Ելենա Մարտինեսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում