Գինին եւ շոկոլադը կօգնե՞ն նիհարել

12 ապրիլի, 2016  01:38

Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսոր Թիմ Սպեկտորը նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս շոկոլադի եւ կարմիր գինու սննդակարգի հետեւել: Պրոֆեսորը պնդում է, որ ավելորդ քաշից ազատվելու գործում ստամոքսում որոշակի մանրէների առկայությունն անհամեմատ ավելի կարեւոր է, քան կալորիաների սովորական հաշվարկը:  Ճիշտ սնունդ օգտագործելով` մարդը կարող է լավ մանրէներ աճեցնել սլացիկ մնալու համար: Դա նշանակում է, որ պանիրը, շոկոլադը, կաթնամթերքը, ընկույզը եւ կարմիր գինին պետք է ներառել սննդակարգում:  

Մարդու ստամոքսում ավելի քան մեկ ու կես կիլոգրամ մանրէ կա: Դրանցից որոշները նպաստում են մարսողությանը, մյուսներն ազդում են ախորժակի եւ ճարպի պահպանման գործընթացի վրա: Բոլորովին էլ ոչ բոլոր միկրոօրգանիզմներն են օգտակար մեր առողջության համար:  Պրոֆեսոր Սպեկտորը պնդում է, որ ճիշտ սնունդ օգտագործելով` կարելի է մեծ քանակությամբ լավ մանրէներ աճեցնել, ինչը կօգնի պահպանել սլացիկությունը եւ առողջությունը:  

«Մենք կուլ ենք տալիս այդ մանրէները, եւ դրանք հայտնվում են մեր աղիներում, որտեղ ժամանակի ընթացքում փոխակերպվում են` նորանոր սննդամթերքի` այնտեղ հայտնվելու  հետեւանքով:   Որքան ավելի բազմազան սնունդ ենք ընդունում, այնքան մանրէների տարբեր տեսակներ կարելի է գտնել մեր օրգանիզմում, եւ դա մեզ առողջ է դարձնում:  Պանրի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է սրտի հիվանդությունների նվազման, ինչը հակասում է ընդհանուր բժշկությամբ զբաղվող որոշ բժիշկների պնդումներին: Չպաստերիզացված պանիրը ամենահամադամ սննդամթերքներից է, որ մարդը կարող է թույլ տալ իրեն, որովհետեւ տվյալ սննդամթերքը մանրէների եւ սնկերի հրաշալի աղբյուր է: Պրոբիոտիկ այնպիսի սննդամթերքները, ինչպիսին յոգուրտն է, հագեցած են մանրէներով, այդ պատճառով պետք է դրանք անպայման ներառել սննդակարգում:  Որոշ յուղեր, ընկույզներ եւ սերմեր յուրահատուկ պարարտանյութ են մանրէների համար: Ես խորհուրդ կտայի խուսափել վերամշակված սննդամթերքից, որովհետեւ դրանցում մանրէների մակարդակը նվազագույն է: Վայելեք շոկոլադը, պանիրը եւ կարմիր գինին», - խորհուրդ է տալիս գիտնականը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում