Ծխելու եւ օրալ հակաբեղմնավորիչների պատճառով 32-ամյա կինը ուղեղի կաթված է ստացել

20 ապրիլի, 2016  23:49

32-ամյա Լուիզա Պալֆրեյմանը (Մեծ Բրիտանիա) ծխում էր` օրալ հակաբեղմնավորիչներ ընդունելով: Այժմ կինը մասնակիորեն անդամալույծ է եւ դարձյալ սովորում է քայլել եւ խոսել: Առայժմ գործնականում չի կարողանում կառավարել մարմնի ձախ մասը:

Լուիզային դեռեւս տանջում են ուժեղ ջղակծկումները, որոնց պատճառով նա ի վիճակի չէ առօրյա պարզ գործեր անել, ինչպես օրինակ շիշ բացելը կամ սնունդ պատրաստելը: Նրա 10-ամյա դուստրը` Ալիշեն, ստիպված է լինում այդ ամենն ինքնուրույն անել:

Բժիշկները Լուիզային բացատրել են, որ նրա կաթվածը   (անոթի մի մեծ թրոմբ հայտնվել է նրա ուղեղում) տեղի է ունեցել օրալ հակաբեղմնավորիչներ ընդունելու ընթացքում ծխելու հետեւանքով: Պատահական չէ, որ բժիշկները զգուշացնում են, որ հորմոնային դեղամիջոցներ ընդունելու դեպքում ծխելը ծայրաստիճան անցանկալի է:  Սակայն Լուիզան չի լսել այդ խորհուրդները, ոչ էլ զգուշացումները հատկապես օրալ հակաբեղմնավորիչներ ընդունելու ընթացքում ծխելու վտանգի մասին: Այժմ նա իր անձնական օրինակով ուզում է զգուշացնել այլ կանանց, որոնք հորմոնային դեղամիջոցներ են ընդունում:  

Լուիզան օրալ հակաբեղմնավորիչների ընդունումը սկսել է 15 տարեկանում: Դրանց օգնությամբ նա ջանում էր պայքարել ամսականների ընթացքում ցավերի դեմ: Սակայն մեկ տարի առաջ կինը փոխել էր դեղահաբերը, ինչից հետո նրա մոտ ուժեղ միգրեն էր սկսվել: Գլխացավը երբեմն այնքան ուժեղ էր, որ Լուիզան երկար ժամանակ չէր կարողանում դուրս գալ մութ սենյակից: Այդ ժամանակ նա բժշկին էր դիմել, բայց չէր բացատրել միգրենի եւ հակաբեղմնավորիչների կապի մասին: 

Իսկ անցյալ տարվա հուլիսին տեղի ունեցավ ուղեղի կաթվածը, որը քիչ էր մնում` Լուիզայի համար կյանք արժենար: Նա արթնացավ ուժեղ միգրենից եւ ցած իջավ ցավազրկող ընդունելու: Աչքերի արանքում ուժեղ ցավ հայտնվեց, տեսողությունը միանգամից վատացավ եւ կնոջ մարմնի ձախ մասը շուտով զրկվեց շարժունակությունից: Բարեբախտաբար, նրա գրպանում բջջային հեռախոս կար, որի օգնությամբ նա շտապօգնություն կանչեց:  Բժիշկները 4 ժամ տեւած վիրահատություն կատարեցին, ինչից հետո Լուիզան վերականգնման երկար ժամանակաշրջան պիտի անցներ: 

Սովորաբար երիտասարդ կանայք հազվադեպ են բախվում ուղեղի կաթվածների (ինչպես եւ սրտի, իմիջիայլոց), սակայն հղիությունը եւ օրալ հակաբեղմնավորիչների ընդունումը ռիսկի գործոն են համարվում: Ծխելը, ինչի հետեւանքով անոթների նեղացում է տեղի ունենում, կարող է արագացնել ուղեղի արյան շրջանառության խախտումների զարգացումը եւ նպաստել ուղեղի կաթվածի զարգացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում