Օրալ հակաբեղմնավորիչները եւ ճարպակալումը կարող են մեծացնել ցրված սկլերոզի առաջացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են եկել արգենտինացի եւ ամերիկացի գիտնականները՝ երկու նոր հետազոտություններից հետո, որոնց արդյունքները կներկայացվեն Ամերիկյան նյարդաբանության ակադեմիայի 66-րդ ամենամյա ժողովին այս տարվա ապրիլի 26-ից մայիսի 3-ը Ֆիլադելֆիայում:
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (National Institutes of Health, NIH) գիտնականները հետազոտության շրջանակներում ուսումնասիրել են ցրված սկլերոզ ախտորոշմամբ 305 կանանց տվյալները, հետո դրանք համեմատել են 305 առողջ կանանց տվյալների հետ: Ցրված սկլերոզով տառապող կանանց 29%-ը եւ առողջ կանանց 24%-ը 3 տարվա ընթացքում առնվազն 3 ամիս օրալ հակաբեղմնավորիչներ են ընդունել՝ մինչեւ ցրված սկլերոզի առաջին նշանների ի հայտ գալը: Պարզվել է, որ հորմոնալ հակաբեղմնավորիչներ ընդունած կանանց դեպքում ցրված սկլերոզի առաջացման վտանգը 35%-ով մեծ է: Իսկ այն կանանց դեպքում, որոնք ախտանիշերի առաջացումից մեկ ամիս առաջ են դադարել օրալ հակաբեղմնավորիչներ ընդունել, ցրված սկլերոզի առաջացման վտանգը մեծացել է մինչեւ 50%:
«Այս արդյունքները ցույց են տալիս, որ հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը կարող է գոնե մասամբ նպաստել կանանց շրջանում ցրված սկլերոզի առաջացման վտանգի մեծացմանը»,- նշեց բժշկական գիտությունների դոկտոր Քերսթին Հելլվիգը՝ հետազոտության հեղինակներից մեկը:
Ինչ վերաբերում է ճարպակալման եւ ցրված սկլերոզի միջեւ կապին, Արգենտինայի՝ Բուենոս Այրեսի գիտնականները Raul Carrera Institute for Neurological Research-ից հաշվել են ցրված սկլերոզով 210 մարդու եւ 210 առողջ մարդու մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ): Պարզվել է՝ 20 տարեկանում ճարպակալմամբ տառապող մարդկանց դեպքում ցրված սկլերոզի առաջացման ռիսկը 2 անգամ մեծ է եղել, քան նորմալ քաշով մարդկանց դեպքում:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ճարպակալմամբ տառապող մարդկանց արյան մեջ մեծ է եղել լեպտինի մակարդակը: Լեպտինը հորմոն է, որն արտադրում են ճարպային հյուսվածքի բջիջները, այն օրգանիզմում մի շարք գործընթացներ է կարգավորում, այդ թվում՝ իմունային պատասխանը:
«Լեպտինը նպաստում է օրգանիզմում բորբոքային ռեակցիայի զարգազմանը, ինչը պոտենցիալ կերպով կարող է բացատրել ճարպակալման եւ ցրված սկլերոզի կապը»,- ասում է հետազոտության հեղինակ Ջորջ Քորրեալը արգենտինյան Raul Carrera Institute for Neurological Research-ից, որը զբաղվում է հետազոտություններով նյարդաբանության ոլորտում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում