McGill University-ի գիտնականները (Կանադա) խրոնիկական ցավի բուժման նոր մոտեցում են առաջարկել. նրանք առաջարկում են ընտելացում առաջացնող օպիոիդ անզգայացնողները փոխարինել օպտոգենետիկ տեխնոլոգիաներով:
Օպտոգենետիկ տեխնոլոգիաները ենթադրում են նեյրոնների վրա ազդեցություն լույսի օգնությամբ. դա հանգեցնում է նյարդային բջիջների «անջատման» եւ ցավային զգացողությունների վերացման: Գիտնականների խոսքով, այդ մեթոդիկան կախվածություն չի առաջացնում եւ կարող է օգտագործվել երկար ժամանակ: Ֆիլիպ Սեգուելան բացատրել է, որ նման թերապիայի օգնությամբ կարելի է օգնել խրոնիկական ցավերից տառապող հիվանդներին:
Օպտոգենետիկ թերապիան փորձարկելու համար հեղինակները մկների են աճեցրել, որոնց ծայրամասային նեյրոնները լուսազգայուն սպիտակուցներ են ունեցել: Հետազոտությունը ցույց է տվել, որ դեղին լույսով ճառագայթումն ինակտիվացնում էր նեյրոնները` նվազեցնելով կենդանիների զգայունությունը հպումներին, ջերմային ազդեցություններին եւ ցավին:
Հեղինակները հույս ունեն, որ կկարողանան մարդկային նեյրոնների մոդիֆիկացիայի միջոց մշակել. նրանք նախատեսել են դրան հասնել վիրուսային վեկտորների միջոցով: Դրանից հետո հնարավոր կլինի օպտոգենետիկ մեթոդիկան փորձարկել նաեւ մարդու վրա:
Այդ հետազոտության մասին հայտնում է eNeuro ամսագիրը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում