Nurofen-ի արտադրողին Ավստրալիայում տուգանել են մոլորեցնող պիտակների համար

29 ապրիլի, 2016  18:41

Բրիտանական Reckitt Benckiser-ը դատարանի որոշմամբ պիտի 1,7 մլն ավստրալական դոլար վճարի (1,3 մլն դոլար) որպես տուգանք: Դատարանն այն եզրակացության է հանգել, որ ընկերությունը սպառողներին մոլորեցնում է ցավազրկողի արդյունավետության վերաբերյալ` փաթեթներ թողարկելով ցավի կոնկրետ տեսակների համար (գլխացավ, թիկունքի ցավեր եւ այլն):

Դեռեւս դեկտեմբերին դատարանը պարզել էր, որ չնայած տարբերվող փաթեթավորմանը, յուրաքանչյուր դեղում ակտիվ նյութի` իբուպրոֆենի նույն քանակությունն է պարունակվում: Տուգանքի վերաբերյալ որոշում կայացնելով` դատավորը նշել է, որ սպառողների համար միակ բացասական հետեւանքը ֆինանսական կողմն է եղել:  Մրցակցության ավստրալական հանձնաժողովի տվյալներով, մասնագիտացած Nurofen հաբերի գինը գրեթե կրկնակի գերազանցում էր նույն արտադրողի ստանդարտ ցավազրկողի արժեքը, հայտնում է ՌԲԿ-ն:

Մեկնաբանելով դատարանի որոշումը`Reckitt Benckiser-ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ընկերությունը չէր ծրագրել սպառողին մոլորեցնել: Նա խոստովանել է, որ արտադրողը կարող էր ավելին անել յուրաքանչյուր ցավազրկողի միանման արդյունավետությունը պարզաբանելու ուղղությամբ:  

Reckitt Benckiser-ը բրիտանական ընկերություն է, որը տանը, առողջությանը հոգ տանելու եւ անձնական հիգիենայի ապրանքներ է արտադրում: Reckitt Benckiser-ի պորտֆոլիոյի մեջ են մտնում նաեւ այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են Calgon-ը, Cillit Bang-ը, Clearasil-ը, Dettol-ը, Dosia-ն, Durex-ը, Finish-ը, Strepsils-ը, Vanish-ը, Veet-ը եւ ուրիշներ: Ընկերության մաքուր շահույթը 2015-ին աճել է 5 տոկոսով, մինչեւ 1,743 մլրդ ֆունտ (2,5 մլրդ դոլար):

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում