ԱՄՆ-ի գիտությունների ակադեմիա. Գենետիկորեն փոփոխված մթերքներն անվտանգ են

18 մայիսի, 2016  23:49

Գենետիկորեն փոփոխված սննդամթերքը անվտանգ է մարդու եւ շրջակա միջավայրի համար: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները: 

Նրանց խոսքով, սննդամթերքի գենային ծրագրավորման հետ կապված փորձարկումները չեն հանգեցնում «Ֆրանկենֆուդի» ստեղծման, ինչպես որ դրա հակառակորդներն անվանում են գենափոխված սնունդը: Բնական եւ փոփոխված մթերքների միջեւ սահմանը, գիտնականների խոսքով, լղոզված է, այդ պատճառով նրանք կարգավորիչներին խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել վերջնական արտադրանքի որակին, ոչ թե նրա բաղկացուցիչ մասերին:  

ԱՄՆ-ի Ազգային ակադեմիայի մասնագետները համարում են, որ գենետիկական փոփոխություն կրած սննդամթերքի հատուկ ապրանքանշումը կարող է պահանջվել ոչ թե սպառողների անվտանգության նպատակով, այլ որպես տեղեկություն  «Made in America» («Արտադրված է Ամերիկայում») պիտակների նման:

Հիշեցնենք, որ 2012-ին գենետիկորեն փոփոխված բույսերի վնասի մասին տվյալները հերքել է նաեւ Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալությունը    (EFSA):

Այնուամենայնիվ, Pew Research 2015 սոցհարցման տվյալներով,  ամերիկացիների 57 տոկոսը գենետիկորեն փոփոխված մթերքները վտանգավոր է համարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում