Քաղցկեղից մահերի կեսը կարելի էր կանխարգելել, եթե մարդիկ առողջ կենսակերպ վարեին, չծխեին, չչարաշահեին ալկոհոլը եւ իրենց լավ մարզավիճակում պահեին: Այդ մասին հայտնել են Harvard Medical School-ի գիտնականները:
Լայնածավալ հետազոտությունը, որը նրանք անցկացրել են, ցույց է տվել, որ քաղցկեղով հիվանդացման հետեւողական աճը, որը դիտարկվում է վերջերս, խոսում է այն մասին, որ մարդիկ անտեսում են ճիշտ սնվելու եւ ավելի շատ շարժվելու կոչերը:
«Քաղցկեղից մահվան դեպքերի կեսից կարելի էր խուսափել, եթե մարդիկ առողջ կենսակերպ վարեին», - հայտնել են գիտնականները:
Առողջ կյանքի հիմնական կանոնները, որոնց անհրաժեշտ է հետեւել ուռուցքային հիվանդություններից խուսափելու համար, նրանց կարծիքով հետեւյալն են.
• ծխելուց հրաժարում
• ֆիզիկական ծանրաբեռնվածություն շաբաթն առնվազն 2,5 ժամ
• օգտագործվող ալկոհոլի քանակության կրճատում
• նորմալ քաշի պահպանում (ՄԶԻ-ն պետք է լինի 18.5 - 27.5-ի սահմաններում):
Այս պարզ խորհուրդներին հետեւելը կօգներ թոքերի քաղցկեղից հիվանդացումը նվազեցնել 80 տոկոսով, հաստ աղիքի քաղցկեղից` 30 տոկոսով, շագանակագեղձի քաղցկեղից` 21 տոկոսով, կաթնագեղձի քաղցկեղից` 12 տոկոսով: Իսկ քաղցկեղով ընդհանուր հիվանդացումը կնվազեր 20-40 տոկոսով, պնդում են Հարվարդի գիտնականները:
Ճիշտ է, 136 000 մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ գործնականում ընդամենը հինգ կնոջից մեկը եւ չորս տղամարդուց մեկն է հետեւում առողջ կենսակերպի: Բայց քաղցկեղով հիվանդացման եւ մահացության պատկերը նկատելիորեն կփոխվեր, եթե ավելի շատ մարդ հետեւեր վերոհիշյալ խորհուրդներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր