Բժշկական համալսարանը կազմակերպում է «Հատուկ վտանգավոր վարակներ» թեմայով դասընթաց

6 հունիսի, 2016  18:34

Երեւանի պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը կազմակերպում է «Հատուկ վտանգավոր վարակներ» թեմայով դասընթաց: Դասընթացն իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության Հայաստանում կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում:

Դասընթացի տեւողությունը 5 օր է, որի ընթացքում անդրադարձ է կատարվում բրուցելյոզի, ժանտախտի, տուլարեմիայի, բոտուլիզմի, հեմոռագիկ տենդերի, սիբիրախտի, տզային էնցեֆալիտների, բնական ծաղկի, Q-տենդի, գրիպի պատճառագիտությանը, համաճարակաբանությանը, ախտածագումնաբանությանը, կլինիկական նկարագրին, ախտորոշմանը, տարբերակիչ ախտորոշմանը, բուժմանը, շտապ հաղորդման եւ կանխարգելման սկզբունքներին: Ներկայացվում են Հայաստանում այդ հիվանդությունների տարածվածությունը, դեպքերի ստանդարտ բնորոշումները, բուժման օպտիմալ սխեմաները, ինչպես նաեւ հետաքրքիր կլինիկական դեպքեր:

ՀՀ առողջապահության նախարարի 16.05.2016թ. N 1469-Ա հրամանով հաստատվել է դասընթացի ծրագիրը, տրվող վկայականը, ինչպես նաեւ շնորհվել է 19 տեսական եւ 9 գործնական ՇՄԶ կրեդիտ:

Դասընթացը նախատեսված է ՀՀ վարակաբանների համար: Հարցերի եւ առաջարկությունների համար դիմել ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Ալվարդ Հուսիկի Հովհաննիսյանին 093-555-311 հեռախոսահամարով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում