Զոհված զինծառայողի որդին լսողական սարք է ստացել եւ արդեն լսում է

28 հունիսի, 2016  18:43

Ապրիլյան պատերազմի ընթացքում սպանված Վազգեն Հարությունյանի 14-ամյա որդին` Գրիգոր Հարությունյանը լսողական սարք է ստացել, որի շնորհիվ սկսել է լսել: 

«Հայ մայրեր» ՀԿ-ի ղեկավար Նարինե Մանուկյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ մանկական ուղեղային կաթվածով ծնված տղայի համար  900 եվրո արժողությամբ լսողական սարք են գնել մասնավոր անձինք` Ելենա եւ Տիգրան Գեւորգյանները, որոնք Մոսկվայում են ապրում: 

Գրիգորի լսողական սարքը երեկ են տեղադրել եւ նրա պահվածքն անճանաչելիության աստիճան փոխվել է. տղան, որը մինչ այդ գրեթե ոչինչ չէր լսում, սկսել է ծիծաղել, ուրախ կողքերը նայել: Փողոց դուրս գալով` նա սկսել է այնպես պտտվել, ասես առաջին անգամ է տեսնում շրջապատող աշխարհը: Մեքենա նստելով` նա սկսել է ուշադրություն դարձնել ձայներին եւ երաժշտությանը եւ նույնիսկ ջղայնացել է, երբ նրան ասել են, որ չաղմկի: 

Ճիշտ է, առայժմ նա ոչ բոլոր հնչյուններն ու ձայներն է լսում, իսկ առանձնապես բարձր հնչյունները նրան վախեցնում են, նշել է ՀԿ-ի ղեկավարը, որն այդ ընթացքում Գրիգորի եւ նրա ընտանիքի հետ էր: 

Նշենք, որ այլ բարեգործներ պահեստային մարտկոցներ եւ փոխարինող մասեր են գնել Գրիգորի լսողական սարքի համար առաջիկա 6 ամսի համար: Իսկ Armenian Wounded Heroes Fund (ԱՄՆ) հիմնադրամի դոնորները խոստացել են օգնել կազմակերպելու Գրիգորի վերականգնողական բուժումը. տարին երկու անգամ տղան  Երեւան կգա վերականգնողական բուժման համար եւ հիմնադրամից NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել են, որ առաջին ժամանումը նախատեսված է կազմակերպել այս տարվա օգոստոսին:  

Հիշեցնենք, որ Վազգեն Հարությունյանի մահից հետո նրա ընտանիքը շարունակում է Շուշիում ապրել: Նրանք տհաճությամբ են խոսում այն մասին, որ իրենց տանը չկան կահույքի որոշ առարկաներ, որոնք զգալիորեն կհեշտացնեին իրենց կյանքը. մասնավորապես, նրանց մոտ գազ է անցկացվել, բայց գազօջախ չկա. չկա նաեւ բազմոց  բազկաթոռներով եւ աթոռներով: Armenian Wounded Heroes Fund-ը նաեւ խոստացել է ընտանիքին կենցաղային տեխնիկա տրամադրել, ինչը կթեթեւացնի նրանց ռօրյան:  

Զոհված Վազգեն Հարությունյանի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են փոխանցումներ անել այս հաշվին. 

Արցախ Բանկ, Շուշի քաղաք

22 3000 2140 2100

Ստացող` Անուշ Տոնյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում