Բժիշկները բաժանել են սիամական երկվորյակներ Ալիսային եւ Ալինային եւ նրանց համար արհեստական որովայնախոռոչներ են ստեղծել

28 հունիսի, 2016  19:41

Ֆիլատովի անվան մոսկովյան հիվանդանոցի բժիշկները հունիսի 28-ին Նովոսիբիրսկից սիամական երկվորյակներ Ալիսայի եւ Ալինայի բաժանման վիրահատություն են կատարել, որն ավելի քան 10 ժամ է տեւել: Նրանք հայտնել են, որ բավարարված են արդյունքից, սակայն վիրահատական միջամտության ընթացքում մի շարք խնդիրների են բախվել: 

Մասնավորապես, պրոֆեսոր Ալեքսանդր Ռազումովսկին պատմել է, որ ստիպված են եղել հատուկ կոնտեյներների օգնությամբ աղջիկների համար արհեստական որովայնախոռոչ ստեղծել: Դրանց շնորհիվ որովայնային պատն աստիճանաբար կձգվի, եւ հետագայում բժիշկները կկարողանան վերացնել այդ թերությունը: 

«Այդ երեխաների մոտ պահպանվել են որովայնային պատի արատները: Եվ մենք ներկայումս չենք կարող փակել դրանք: Նման իրավիճակներում մենք կոնտեյներներ ենք օգտագործում, այսինքն արհեստական որովայնախոռոչ ենք ստեղծում: Որովայնային պատը դանդաղորեն կձգվի եւ որոշ ժամանակից մենք կկարողանանք փակել այդ արատը: Մենք օրգանները կարել ենք փորում եւ կհետեւենք, որ բարդություններ չառաջանան: Ընդհանուր առմամբ գոհ ենք վիրահատության արդյունքից, կարող էր անհամեմատ ավելի վատ լինել», — ասել է Ռազումովսկին: 

Պրոֆեսորը, որը ղեկավարել է վիրահատությանը մասնակցած 18 բժշկից կազմված խումբը, նշել է, որ աղջիկները հրաշալի են տարել վիրահատությունը եւ նշել է, որ դա անզգայացնողների արժանիքն է:  «Առայժմ այն ամենը, ինչ նախատեսել էինք, արել ենք», — հայտնել է պրոֆեսորը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում