10 րոպե տեւող ձգման վարժությունները կթեթեւացնեն դաշտանադադարի ախտանիշները

5 հուլիսի, 2016  14:05

Ընդամենը 10 րոպե տեւողությամբ ձգման վարժությունները կարող են թեթեւացնել դաշտանադադարի նշանները եւ օգնել դեպրեսիայի դեմ պայքարում: Նման եզրակացության են հանգել Ճապոնիայից գիտնականները: Նրանց խոսքով, կանայք, որոնք նման վարժություններ են անում եւ բոբիկ քայլում են, անհամեմատ ավելի հազվադեպ են բախվում դաշտանադադարի ախտանիշներին, նրանց մոտ բարելավվում է նաեւ տրամադրությունը եւ քնի որակը: Սակայն վարժությունները չեն օգնում ազատվել շոգի հոսքերից, ցույց է տվել հետազոտությունը: 

«Եթե կինը կարողանա ոտքով զբոսնել 30 րոպե, իսկ հետո ձգման վարժություններ անել  10 րոպե, դա կբարելավի նրա առողջությունը, կնվազեցնի դաշտանադադարի ախտանիշները, կբարձրացնի տրամադրությունը եւ կամրապնդի ուղեղի մտածողական գործառույթները,-ասել է բժիշկ Ջոան Պինկերտոնը   The North American Menopause Society-ից (ԱՄՆ): Կանոնավոր վարժությունները բարելավում են քնի որակը, ինչը եւս հսկայական նշանակություն ունի»:

Ճապոնական Physical Fitness Research Institute-ի կազմակերպած    Meji Yasuda Life Foundation of Health and Welfare հետազոտությանը 40-ից 61 տարեկան 40 կին է մասնակցել: Նրանցից 20-ը կամայականորեն ընտրվել էին քնից առաջ օրական 10 րոպե ձգման վարժություններ կատարելու համար, իսկ մնացած 20-ը պահպանել էր նստակյաց կենսակերպը: Հետազոտողները գնահատել են կանանց դաշտանադադարի ախտանիշները 10 հատուկ հարցի միջոցով: Բացի այդ, նրանք տեղեկություններ են ստացել վերջիններիս ֆիզիոլոգիական ախտանիշների, տրամադրության եւ քնի որակի, ինչպես նաեւ մարմնի ցավերի մասին:

Փորձարկման սկզբի պահին բոլոր կանայք դաշտանադադարը մոտավորապես նույն կերպ էին տանում: Ավելի քան կեսի մոտ վառ արտահայտված ախտանիշներ էին դիտարկվում, իսկ երկու երրորդը դեպրեսիա ուներ: Կանանց մեծամասնությունը ֆիզիկապես ակտիվ չէր: 

Ձգման վարժությունները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին օգնել են ընդամենը երեք շաբաթում բարելավել ցուցանիշները գրեթե բոլոր ուղղություններով: Միայն շոգի հոսքերի ինտենսիվությունը երկու խմբում էլ նույնն է մնացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում