Ինչպես արեւապաշտպան քսուք ընտրել

9 հուլիսի, 2016  10:48

Ցանկացած խանութում այսօր կարելի է արեւայրուքի դեմ մի քանի տասնյակ քսուք գտնել: Դրանցից ո՞րն ընտրել: Դրանց միջեւ տարբերություն կա՞: Այդ հարցերը պարզելուն օգնել է մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը: 

1. SPF

Առաջինը, ինչի վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել արեւապաշտպան քսուք ընտրելիս, նրա   SPF – sun protecting factor-ն է, այսինքն` արեւից պաշտպանության գործոնը: Բարձր գործոնով քսուքը ոչ թե ավելի լավ կպաշտպանի, այլ` ավելի երկար: Քսուքն ընտրեք` ելնելով դրանից: Եթե Դուք կարճ ժամանակով եք լինելու արեւի տակ, կարելի է ոչ բարձր SPF-ով միջոց ընտրել, իսկ եթե արեւի հետ Ձեր «շփումը» երկար է տեւելու, ավելի լավ է ավելի հզոր պաշտպանությամբ զինվել եւ ժամանակ առ ժամանակ թարմացնել այն:  

Մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ հիշել, որ ցանկացած քսուքը ջրով լվացվում է, այդ պատճառով լողալուց հետո անհրաժեշտ է թարմացնել այն: 

2. Հոտը

Անպայման հոտոտեք ձեր ընտրած քսուքը: Եթե քսուքում կան նյութեր, որոնք կարող են Ձեզ մոտ ալերգիկ հակազդեցություն առաջացնել, Դուք ամենայն հավանականությամբ դա հոտից կզգաք: 

3. Ուղեւորությունից առաջ փորձարկեք միջոցը

Եթե պատրաստվում եք ծով մեկնել, ուղեւորությունից մի քանի օր առաջ փորձարկեք արեւայրուքի դեմ քսուքը: Ուղղակի առավոտից քսեք դա աշխատանքի կամ ձեր գործերով գնալուց առաջ: Եթե Ձեզ մոտ հանկարծ ալերգիկ հակազդեցություն սկսվի, Դուք գոնե հարազատ քաղաքում կլինեք եւ այլ քսուք ընտրելու հնարավորություն կունենաք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում