Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը Հայաստանի առողջապահության համակարգի լրջագույն ձեռքբերումներից մեկն է

11 հուլիսի, 2016  17:07

Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը Հայաստանի առողջապահության համակարգի լրջագույն ձեռքբերումներից մեկն է: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

«Մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին ասվեց, որ Հայաստանը ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդման առումով առաջին երկրներից մեկն է: Մեզ օրինակելի երկիր կոչեցին, որը ցույց է տվել, թե ինչպես է պետք հակազդել ՁԻԱՀ-ին:  Վերջին տարիների ընթացքում Հայաստանում ՄԻԱՎ-ով ոչ մի երեխա չի ծնվել, դա մեր առողջապահության համակարգի լրջագույն ձեռքբերումներից մեկն է», - նշել է նախարարը:

Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացնելու գործում ավանդի համար ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի ղեկավար Սամվել Ղարիբյանը պարգեւատրվել է Հայաստանի առողջապահության նախարարության շքանշանով, իսկ կենտրոնի առավել աչքի ընկած աշխատակիցները պատվոգրեր են ստացել:

Հիշեցնենք, որ վերջերս ՄԱԿ-ի հաստատությունները Հայաստանին, Բելառուսին եւ Մոլդովայի Հանրապետությանը շնորհավորել էին ՄԻԱՎ-ի եւ սիֆիլիսի` մորից երեխային փոխանցումը վերացնելու համար: Նյու Յորքում տեղի ունեցած արարողության ընթացքում եվրոպական այդ երեք երկրի նախարարներին, որոնք մասնակցում էին ՁԻԱՀ-ի համաճարակի վերացման ուղղությամբ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի բարձր մակարդակի խորհրդակցությանը, վերացումը հաստատող հավաստագրեր են հանձնվել: 

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բարձր մակարդակի նիստին ելույթ ունենալով` Պան Գի Մունը նշել է, որ աշխարհում երեխաների շրջանում ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը վերջին 15 տարվա ընթացքում կրճատվել են ավելի քան երկու անգամ, սակայն միայն չորս երկիր է ամբողջությամբ վերացրել դրանք` Կուբան, Թայլանդը, Հայաստանը եւ Բելառուսը: Նրա խոսքով, այդ երկրների փորձը կարող է աշխարհի այլ երկրներին որպես օրինակ ծառայել:  

Հիշեցնենք նաեւ, որ շաբաթներ առաջ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը եւ Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնը հունիսի 21-ին պարգեւատրվել են Էմիլ Գաբրիելյանի անվան հատուկ մրցանակով Հայաստանում ՄԻԱՎ-ի մորից երեխային փոխանցման վերացման գործում ավանդի համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում