2015 թվականին Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ–ի 294 նոր դեպք, որոնցից 161 հիվանդի մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ՝ ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների: Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին եղել է 334 նոր դեպք:
28 տարվա ընթացքում (1988 թվականից, երբ գրանցվեց ՄԻԱՎ–ի առաջին դեպքը, մինչեւ 2016 թվականի հունիսի 30–ը) Հայաստանում գրանցվել է 2372 ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 1640-ը (69 տոկոսը)՝ տղամարդ, 732-ը (31 տոկոսը)՝ կին, 42-ը (1,8 տոկոսը)՝ երեխա: Վարակակիրներից 52 տոկոսը ախտորոշման պահին եղել են 25-39 տարեկան:
Նույն ժամանակահատվածում 1259 վարակակրի մոտ (նրանցից 321-ը եղել է կին, իսկ 24-ը՝ երեխա) ախտորոշվել է ՁԻԱՀ, ըստ որում՝ 161-ը՝ 2015 թվականին: 28 տարվա ընթացքում 528 հիվանդ մահացել է ՁԻԱՀ-ից, նրանցից 90-ը եղել է կին, 8-ը՝ երեխա:
ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում ՄԻԱՎ–ի փոխանցման հիմնական ճանապարհը մնում է հետերոսեքսուալ շփումը. հենց նման շփման ժամանակ է վարակվել 65.5 տոկոսը: Ուշագրավ է նաեւ, որ Հայաստանում 73 տոկոս դեպքում ՄԻԱՎ-ով վարակվում են աշխատանքային միգրանտները եւ նրանց զուգընկերները կամ կանայք:
25.5% վարակվել է ներարկման ճանապարհով թմրանյութեր օգտագործելիս: Հոմոսեքսուալ շփման ճանապարհով վարակվել է 2.6 տոկոսը, իսկ արյան ներարկման՝ 0.2 տոկոսը (նշենք, որ 2001-ից Հայաստանում դոնորային արյամբ վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել): 4.7 տոկոս դեպքերում փոխանցման ճանապարհը չի հաջողվել պարզել:
Եթե 1.5 տոկոսը վարակվել է ուղղահայաց ճանապարհով՝ մորից երեխային փոխանցելու միջոցով, ապա վերջին 7 տարիներին Հայաստանում չի գրանցվել հիվանդության ուղղահայաց փոխանցման ոչ մի դեպք, ինչի հետ կապված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված բարձր մակարդակի նիստում Հայաստանին, Բելառուսին եւ Մոլդովային շնորհավորեցին մորից երեխային ՄԻԱՎ վարակի եւ սիֆիլիսի փոխանցման վերացման համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում