Հայերի 38 տոկոսը վստահ է, որ չի կարող ՄԻԱՎ-ով վարակված լինել. NEWS.am Medicine-ի հարցումը

20 հուլիսի, 2016  18:14

Հայերի 38 տոկոսը վստահ է, որ չի կարող ՄԻԱՎ-ով վարակված լինել: Այս մասին են վկայում NEWS.am Medicine-ի անցկացրած հարցման արդյունքները:

Ինչպես ցույց է տվել հարցումը, պատասխանողների 13 տոկոսը հատուկ հաճախել է ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոն՝ ՄԻԱՎ-ի անալիզ հանձնելու, եւս 4 տոկոսը Երեւանի փողոցներում կամ մարզերում հետազոտվել է ՄԻԱՎ-ի շարժական լաբորատորիայում:

Պատասխանողների 39 տոկոսը երբեք ՄԻԱՎ-ի հետազոտության չի ենթարկվել, քանի որ դրա համար առիթ չի եղել: Եվս 38 տոկոսը չի հետազոտվել, քանի որ համոզված է, որ իրենց մոտ ՄԻԱՎ-ի բացիլ չի կարող լինել:

Ուշագրավ է, որ հարցվածների 7 տոկոսն ընդհանրապես չգիտե, թե ինչ է ՄԻԱՎ-ը:

Հարցմանը մասնակցել է 856 մարդ:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 294 նոր դեպք: 28 տարվա ընթացքում (1988 թվականից, երբ գրանցվեց ՄԻԱՎ–ի առաջին դեպքը, մինչեւ 2016 թվականի հունիսի 30–ը) Հայաստանում գրանցվել է 2372 ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 1640-ը (69 տոկոսը)՝  տղամարդ, 732-ը (31 տոկոսը)՝ կին, 42-ը (1,8 տոկոսը)՝ երեխա: Վարակակիրներից 52 տոկոսը ախտորոշման պահին եղել են 25-39 տարեկան:

Տեսակետ կա, որ մարդկանց 60 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր լինելով, տեղյակ չէ դրան, այդ պատճառով Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների իրական թիվը  շատ ավելի մեծ է:

ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում ՄԻԱՎ–ի փոխանցման հիմնական ճանապարհը մնում է հետերոսեքսուալ շփումը. հենց նման շփման ժամանակ է վարակվել 65.5 տոկոսը: Ուշագրավ է նաեւ, որ Հայաստանում 73 տոկոս դեպքում ՄԻԱՎ-ով վարակվում են աշխատանքային միգրանտները եւ նրանց զուգընկերները կամ կանայք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում