Ինչն է հայերին ստիպում ծխել սկսել

1 օգոստոսի, 2016  15:40

Թոքերի քաղցկեղը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում քաղցկեղի ամենատարածված տեսակն է: Թոքերի քաղցկեղի զարգացման գլխավոր գործոն է համարվում ծխելը եւ հիվանդների մեծամասնությունը հենց ծխողներ են:  Ծխելու տարածվածությունը կարող է բացատրել Հայաստանում քաղցկեղի այդ տեսակի տարածումը. այստեղ պաշտոնական տվյալների համաձայն, տղամարդկանց 53 տոկոսը եւ պատանիների 26 տոկոսը ծխում է:

Ինչն է հայերին ստիպում ծխել սկսել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ուռուցքահոգեբանների ասոցիացիայից Աննա Բաղդասարյանը նշել է, որ ծխող տղամարդկանց մեծամասնությունը ծխել է սկսում պատանեկան հասակում. յուրաքանչյուրն ուզում է ուժեղ երեւալ եւ կոլեկտիվում ներգրավվելու  համար շատ տղաներ սկսում են ծխել: Ժամանակի հետ դա սովորույթ է դառնում, որից ազատվելը բարդ է: 

Հոգեբանը նշել է, որ իր դերն է խաղում նաեւ ընտանիքը: Եթե երեխայի ծնողները ծխում են, մեծ է հավանականությունը, որ նա էլ ծխող կդառնա. նույնիսկ եթե նրան ասեն, որ ծխելը վտանգավոր է, դա քիչ բան կփոխի, չէ որ նրա աչքերը սովորել են ծխող ծնողների կերպարին: 

Ինչ վերաբերում է կանանց, նրանցից շատերը ծխել են սկսում` ցանկանալով գրավել հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը:  Նրանց թվում է, որ ծխելը կարող է իրենց ավելի գրավիչ, անկաշկանդ դարձնել: Բացի այդ, նրանք հույս ունեն, որ եթե ծխախոտ հանեն, իրենց հետաքրքրող տղամարդիկ կարող են վառիչ առաջարկել եւ այդպես նրանց միջեւ զրույց կսկսվի: Ցավոք սրտի, նրանք հաշվի չեն առնում, որ շատ տղամարդկանց դուր չեն գալիս ծխող կանայք եւ նրանք չեն կարող նման կանանց լուրջ ընդունել: 

Հոգեբանը նշել է, որ այլ կանայք սկսում են ծխել` հուսալով նիհարել: Նրանք հաշվի չեն առնում, որ ծխելը կարող է լրջագույն վնաս հասցնել նրանց առողջությանը եւ գեղեցկությանը եւ որ նիհարելու անհամեմատ ավելի անվտանգ եւ համարժեք միջոցներ կան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում