Թոքերի քաղցկեղի ախտանիշներ. ինչպես ճանաչել անձայն մարդասպանին

1 օգոստոսի, 2016  18:46

Թոքերի քաղցկեղով հիվանդացումը եւ դրանից մահացությունն ամբողջ աշխարհում շատ բարձր են. Հայաստանում դա քաղցկեղի առավել տարածված տեսակն է եւ հիվանդների ավելի քան 80 տոկոսը, որոնց մոտ ախտորոշվում է դա, մահանում է: 

Թոքերի քաղցկեղից բարձր մահացության պատճառներից մեկը կապված է նրա հետ, որ սովորաբար բավականին ուշ են ախտորոշում այն: Հարցն այն է, որ թոքերի քաղցկեղը կարող է երկար ժամանակ չդրսեւորվել եւ հիվանդը նույնիսկ չի կռահի, որ հիվանդ է: Իսկ երբեմն ախտանիշներն ի հայտ են գալիս, սակայն հիվանդը, չիմանալով դրանց նշանակությունը, ուղղակի ուշադրություն չի դարձնում դրանց: 

Թոքերի քաղցկեղի ախտանիշների մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է  «Հայաստանի հակաքաղցկեղային լիգա» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Բադալյանը:

• Հազ: Խրոնիկական հազը թոքերի քաղցկեղի առաջին եւ կարեւորագույն ախտանիշն է: Հենց այդ պատճառով ցանկացած հազ, հատկապես եթե այն կապված չէ մրսածության հիվանդությունների հետ, բժշկին դիմելու առիթ է:  

• Արյուն թքելը մեկ այլ ախտանիշ է, որը կարող է թոքերի քաղցկեղ մատնանշել: Ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել այդ ախտանիշը: 

• Մարմնի ջերմաստիճանի բարձրացումն առանց պատճառի, սովորաբար մինչեւ   37.5-38.0 աստիճան ըստ Ցելսիուսի, եւս կարող է օրգանիզմում խնդիր մատնանշել: 

• Մարմնում թուլությունը, ինչ-որ բան անելու մոտիվացիայի բացակայությունը: Այդ ախտանիշները եւս կարող են քաղցկեղի զարգացում մատնանշել, հատկապես եթե ուղեկցվում են այդ ցուցակից այլ ախտանիշներով: 

• Քաշի նվազում առանց պատճառի: Եթե հիվանդը նիհարում է, չնայած չի ուզում դա եւ որեւէ ջանք չի գործադրում, դա բժշկին այցելելու պատճառ է: 

• Կրծքավանդակում ցավերը թոքերի քաղցկեղի այլ ախտանիշ է: Սակայն սովորաբար նման ցավերն արդեն առաջացած քաղցկեղ են մատնանշում: 

Մասնագետը հիշեցրել է, որ քաղցկեղի վաղ ախտորոշման դեպքում բուժման շանսերն անհամեմատ ավելի բարձր են, այդ պատճառով վերոհիշյալ ախտանիշների ի հայտ գալու դեպքում ցանկալի է հնարավորինս արագ բժշկի դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում