Շատերն են լսել, որ ծխելը թոքերի քաղցկեղ է առաջացնում: Բայց արդյոք ծխելը քաղցկեղի այդ տեսակի միակ պատճառն է:
«Հայաստանի հակաքաղցկեղային լիգայի» ղեկավար Գրիգոր Բադալյանը նշել է, որ թոքերի քաղցկեղի դեպքերի 80 տոկոսի պատճառը հենց ծխելն է: Պատահական չէ, որ այդ քաղցկեղով ամեն 10 հիվանդից 8-ը ծխողներ են:
Քաղցկեղի մնացած 20 դեպքերը կապում են ռիսկի այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են քիմիական այլ քաղցկեղային նյութերի` ռադոնի, ազբեստային փոշու, ծանր մետաղների, քլորոմեթիլային եթերի եւ այլնի ազդեցությունը:
Թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձր է թոքերի խրոնիկական բորբոքմամբ եւ թոքերի ֆիբրոզով մարդկանց մոտ:
Այնուամենայնիվ, շատ գիտնականների պնդմամբ, թոքերի քաղցկեղի զարգացման գործում հիմնական ներդրումն ունենում է հենց ծխելը: Այդ փաստը բավականին պարզ բացատրություն ունի. ծխախոտի ծուխը հսկայական քանակությամբ քաղցկեղածին նյութեր է պարունակում, եւ թոքերի վրա դրանց ազդեցությունը, մանավանդ` կայուն, չի կարող անհետ անցնել: Ավելին, ծխելը նաեւ մեծացնում է քաղցկեղի շատ այլ տեսակների զարգացման ռիսկը, որոնց թվում է միզափամփուշտի քաղցկեղը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանում թոքերի քաղցկեղի 1353 նոր դեպք են գրանցել: 5 տարվա ընթացքում երկրում 6180 հիվանդ են հայտնաբերել քաղցկեղի այդ տեսակով, որով հիվանդացումը տարեցտարի աճում է. 2000 թվականին ընդամենը 892 նոր դեպք է գրանցվել, 2005-ին` 1064, 2010-ին` 1198: 2010 թվականի համեմատ, 2015-ին հիվանդացումն աճել է 11.5 տոկոսով, իսկ 2000 թվականի համեմատ` ամբողջ 35 տոկոսով: Իսկ թոքերի քաղցկեղից մահացությունը, նշել է պրոֆեսոր Բադալյանը, այսօր ավելի բարձր է, քան կրծքի, հաստ աղիքի եւ շագանակագեղձի քաղցկեղից միասին վերցրած:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում