Ֆինլանդիայում հակածխախոտային քաղաքականության հաջողությունները կարող են գլխավոր պատճառը լինել այն բանի, որ երկրում զգալիորեն ավելի հազվադեպ են ուղեղի կաթվածի առավել վտանգավոր ձեւի` ենթաոստայնային արյունազեղման դեպքեր գրանցվում: Այդ մասին հայտնել են Հելսինկիի համալսարանի հետազոտողները:
Գիտնականները համեմատել են, թե ինչպես է ծխողների քանակությունը երկրում փոխվել 1998-ից մինչեւ 2012 թվականը, ինչպես նաեւ հետեւել են, թե որքան հաճախակի են այդ ժամանակաշրջանում ենթաոստայնային արյունազեղման (ԵՈԱ) դեպքեր գրանցվել: Պարզվել է, որ 15-ից 64 տարեկանում ծխողների թիվը տասնհինգամյա ժամանակահատվածում նվազել է մոտավորապես 30 տոկոսով, իսկ ԵՈԱ-ի դեպքերի թիվը 50 տարեկանից մեծ կանանց մոտ նվազել է 45 տոկոսով, իսկ մինչեւ 50 տարեկան տղամարդկանց մոտ` 26 տոկոսով:
Ենթաոստայնային արյունազեղումը ոստայնակերպ թաղանթի եւ ուղեղային փափուկ թաղանթների միջեւ մեծ քանակությամբ արյան հայտնվելն է: Հաճախ դրա պատճառ են դառնում գլխուղեղի անոթների զարկերակային անեւրիզմների պատռվածքները, որոնք առաջանում են մոտավորապես յուրաքանչյուր տասներորդ տարեց մարդու մոտ, բայց ոչ միշտ են իրենցից այդքան լուրջ վտանգ ներկայացնում: Գիտնականները պնդում են, որ շատ երկրներում ուղեղի կաթվածի նման ձեւի տարածվածության մասին տվյալները ճշգրիտ չեն, որովհետեւ հաճախ մարդիկ արյունազեղումից մահանում են հիվանդանոցից դուրս եւ հետագայում սխալմամբ որպես մահվան պատճառ նշվում է սրտային անբավարարությունը: Ֆինլանդիայում, հետազոտողների պնդմամբ, նման վիճակագրությունը շոշափելիորեն ավելի ճշգրիտ է, ինչին նպաստում է դիահերձման պարտադիր անցկացումը:
Չնայած գիտնականների իրականացրած աշխատանքն ինքնին թույլ է տալիս ընդամենը հարաբերակցություն արձանագրել, ոչ թե պատճառահետեւանքային կապ ծխողների թվի եւ ԵՈԱ-ի դեպքերի միջեւ, անցյալ տարի մի շարք հետազոտությունների արդյունքներն արդեն թույլ են տվել ծխելը ուղեղի կաթվածի այդ տեսակի դրսեւորման առանցքային գործոններից մեկը կոչել: Միաժամանակ դրանում հիմնական դերը ենթադրաբար խաղում է ոչ թե նիկոտինը, որն ընտելացում է առաջացնում, այլ ծխախոտի ծխի այլ բաղադրիչները: Այսպիսով` գիտնականները լիովին տրամաբանական են համարում ենթադրել, որ ծխողների թվի նվազումն իրոք նպաստում է ուղեղի կաթվածների նվազմանը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում