Մենինգիտի նոր թեստը մի քանի րոպեում հայտնաբերում է հիվանդությունը

26 օգոստոսի, 2016  10:53

Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները նոր թեստ են մշակել, որը կկարողանա ախտորոշել բակտերիալ ինֆեկցիաները (այդ թվում մենինգիտը) հաշված րոպեների ընթացքում: Հիմա միայն մեկ թեստ կա, որը ունակ է հայտնաբերել մենինգիտը, բայց այն թանկարժեք է ու ավելի քան 48 ժամ է տեւում:

Պրոֆեսոր Մայքլ Լեւինը ու նրա գործընկերները, որոնք աշխատում են նոր թեստի վրա  հույս ունեն, որ իրենց մշակումը ավելի մատչելի կլինի ու որ այն կկարողանան նույնիսկ աղքատ երկրներում գործածել: Ամեն դեպքում կարող է դեռ մի քանի տարի պահանջվել մինչ այդ նոր թեստը կհայտնվի աղքատ ու զարգացող երկրներում:

Հետազոտության ընթացքում պրոֆեսոր Լեւինի խումբը պարզել է, որ բակտերիալ ինֆեկցիաները կարելի է տարբերել հիվանդությունների մյուս տեսակներից, որոնց դեպքում նույնպես մարմնի բարձր ջերմություն է նկատվում: Հետազոտողները արյան սպիտակ բջիջներում երկու տեսակի գեն են բացահայտել, որոնք ակտիվ են դառնում միայն եթե դրանք կրողը վարակվում է բակտերիալ ինֆեկցիայով:

Առայժմ այս մշակումը, որը տվյալ գեների միջոցով որոշում է ինֆեկցիայի առկայությունը, բավականին թանկ է, բայց գիտնականների խոսքով մոտ 5 տարվա ընթացքում իրենք ավելի էժան թեստ կստեղծեն, որի համար միայն մեկ ներարկում է պահանջվելու, որպեսզի արյուն վերցնեն ու մեկ ժամից էլ քիչ ժամանակ, որպեսզի այն վերլուծեն: Հետազոտության համահեղինակ Ջեթրո Հերբերտը նշել է, որ իրենց աշխատանքը կարող է շատ օգտակար լինել այն տեղանքների համար, որտեղ մենինգիտի համաճարակը հաճախակի երեւույթ է, իսկ առկա միջոցներով ախտորոշումն էլ՝ բարդ:

Որպես օրինակ կարելի է բերել Աֆրիկայի «մենինգիտային գոտին», որը սկսվում է Սենեգալից ու շարունակվում մինչեւ Եթովպիա: Այս տարի մենինգիտը խլել է 90 նիգերիացիների կյանք, 2009-ին վարակվել էին 80 000 մարդ, իսկ 1996-97 թթ. համաճարակի ժամանակ մահացել էր մոտ 20 000 մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում