Էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը սրտի համար կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան սովորական ծխախոտ ծխելը, պարզել են Հունաստանից գիտնականները:
Փորձարկմանը 24 առողջ տղամարդ եւ կին է մասնակցել, որոնց միջին տարիքը 30 տարեկան է եղել: Փորձարկումները ցույց են տալիս, որ իրականում էլեկտրոնային ծխախոտը «ավելի վտանգավոր է, քան մարդիկ պատկերացնում են»:
Մասնագետները պնդում են, որ կես ժամվա ընթացքում էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը հավասարազոր է հինգ րոպե սովորական ծխախոտ ծխելուն եւ վնասում է հիմնական արյունատար անոթները` մեծացնելով սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Փորձարկմանը մասնակցած տղամարդկանց եւ կանանց մոտ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումից հետո բարձրացել է կարծրության մակարդակն աորտայում` գլխավոր զարկերակում, ինչը սրտի հետ կապված հիմնական խնդիրներից մեկն է: Նրանց մոտ նաեւ աննկատ բարձրացել է արյան ճնշումը:
Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Կարալամբոս Վլաչուպուլոսը Աթենքի համալսարանի բժշկական դպրոցից հայտնել է, որ «խորհուրդ չէր տա էլեկտրոնային ծխախոտը որպես ծխելը թողնելու միջոց»:
Հույն գիտնականներն իրենց եզրահանգումները կհրապարակեն մոտ ժամանակներս` Եվրոպական հասարակության կոնգրեսում, որը կընթանա Հռոմում: Փորձագետների գնահատականով, դա բուռն բանավեճեր կառաջացնի էլեկտրոնային ծխախոտի օգտագործման առումով: Փորձագետների մեծամասնությունն այն կարծիքին է, որ այդ ծխախոտը պակաս վնասակար է, քան սովորական ծխախոտը, բայց գիտնականներից ոմանք առաջվա նման անհանգստացած են առողջության համար դրանց վտանգավորությամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ զգուշացրել էր, որ էլեկտրոնային ծխախոտը կարող է թունավոր լինել կողմնակի անձանց համար:
Միաժամանակ Մեծ Բրիտանիայի հանրային առողջության մարմիններն անցյալ տարի, օրինակ, ծխողներին կոչ են արել անցնել էլեկտրոնային ծխախոտի` հայտնելով, թե դրանք «95 տոկոսով անվտանգ են»: Սակայն դրանից հետո խոշոր սկանդալ է բռնկվել. Պարզվել է, որ գիտնականների հետազոտությունները ֆինանսավորել էին էլեկտրոնային ծխախոտ արտադրող ձեռնարկությունները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում