ԿԽՄԿ-ի մասնագետները Երեւանում ռազմական վիրաբուժության սեմինար են անցկացնում

2 սեպտեմբերի, 2016  17:20

Եռօրյա սեմինարի շրջանակում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի  (ԿԽՄԿ) մասնագետներ Մարտին Գերմանը (Գերմանիա) եւ Մարկո Պինա Պինտորը (Իտալիա) հայ բժիշկներին ներկայացնում են դաշտային պայմաններում վիրահատությունների անցկացման իրենց գիտելիքները եւ փորձը:  

NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում  ԿԽՄԿ-ի հայկական պատվիրակության հաղորդակցական ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին նշել է, որ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից  85 բժիշկ է հավաքվել` լսելու թեժ կետերում աշխատանքի մեծ փորձ ունեցող վիրաբույժներին: 

Նրա խոսքով, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն ռազմական վիրաբուժության ոլորտում հսկայական փորձ ունի. ավելի քան 20 տարի աշխատում է երկրներում, որտեղ ռազմական հակամարտություններ կան եւ վիրավորներին օգնություն է տրամադրում:  

«Մարտին Գերմանը եւ Մարկո Պինա Պինտորը դաշտային պայմաններում աշխատելու եւ դասավանդելու մեծ փորձ ունեն, եւ իրենց փորձը կներկայացնեն հայ մասնագետներին», - հայտնել է Զարա Ամատունին:

Բժիշկ Մարկո Պինա Պինտորը նշել է, որ ԿԽՄԿ-ի գլխավոր նպատակն է` օգնություն տրամադրել երիտասարդ մարդկանց, անկախ այն բանից, թե որ երկրում են եւ ում կողմից: Ռազմական վիրաբույժներին հետաքրքրում է ընդամենը մեկ բան` երիտասարդի ստացած վնասվածքների տեսակը: 

Մարտին Գերմանն իր հերթին նշեց, որ սեմինարի ընթացքում ինքն ու գործընկերը կպատմեն վնասվածքների հիմնական տեսակների եւ այն մասին, թե ինչպես է պետք աշխատել դրանց հետ: Ի վերջո, դաշտային պայմաններում աշխատանքն առանձնանում է սովորական քաղաքացիական բուժկենտրոնում աշխատանքից: Դաշտային պայմաններում աշխատանքի բազմաթիվ տարիներից հետո ԿԽՄԿ-ի մասնագետները բազմաթիվ ընթացակարգեր եւ գործողությունների ալգորիթմներ ունեն, որոնցով ղեկավարվում են բուժումն առավելագույնս արդյունավետ դարձնելու համար: Ինչպես է պետք վիրահատել այս կամ այն վնասվածքներով մարդկանց:  Մասնագետները հայ գործընկերներին կներկայացնեն այդ հարցերին իրենց մոտեցումները:  

Նշենք, որ սեմինարները կազմակերպում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն Հայաստանի Առողջապահության նախարարության եւ Պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում