Ինչու են որոշ մարդիկ անընդհատ ուզում ուտել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք պատճառներ, որոնք կարող են ախորժակը դժվար վերահսկելի դարձնել:
Սննդում պարզ ածխաջրերի ավելցուկը
Սննդում պարզ ածխաջրերի ավելցուկը կարող է հանգեցնել քաղցի մշտական զգացման: Փաթիլները, պիցցան, բուտերբրոդները, բրինձը, մակարոնեղենը, պաղպաղակը, թխվածքաբլիթները. եթե այդ ամենը կանոնավորապես օգտագործվում է, մշտական քաղցը երաշխավորված է: Դիետոլոգների խոսքով, այդ մթերքներն արագ յուրացվում են օրգանիզմի կողմից` արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ ավելացում եւ առույգության կարճատեւ աճ, իսկ հետո նույնքան կտրուկ նվազում առաջացնելով, ինչին հետեւում է քաղցի հորմոնների արտադրությունը: Քաղցի զգացումն ավելի արդյունավետորեն վերահսկելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բարդ ածխաջրերին:
Ջրի պակաս
Մեծ ախորժակի մեկ այլ պատճառ կարող է լինել ջրի անբավարար օգտագործումը: Դեպքերի 60 տոկոսում մարդիկ շփոթում են քաղցը եւ ծարավը, որովհետեւ այդ երկու զգացման համար պատասխանատու հիպոտալամուսը հաճախ շփոթում է դրանց ազդանշանները: Եթե Դուք քաղց եք զգում, չնայած հենց նոր եք կերել, ջուր խմեք:
Քիչ քնելը
Քնի պակասը կարող է անվերահսկելի ախորժակի պատճառ դառնալ: Եթե մարդն օրական 7-8 ժամից քիչ է քնում, դրա հետեւանքով ակտիվանում են այն հորմոնները, որոնց հետ այնպիսի գործընթացներ են կապված, ինչպես հյուսվածքներում ճարպի կուտակումը, այրված կալորիաների քանակի նվազումը եւ օրվա ընթացքում անվերահսկելի ախորժակը:
Սննդի ընդունման արանքում մեծ դադարներ
Սննդի ընդունման արանքում մեծ դադարները եւս անզսպելի ախորժակի գործոն են, որը չափից շատ ուտելու է հանգեցնում: Դիետոլոգները խորհուրդ են տալիս սննդի հիմնական ընդունումների արանքում 4-5 ժամից ավելի երկար դադարներ չտալ եւ միշտ ձեռքի տակ օգտակար միջանկյալ սնունդ ունենալ` միրգ, բանջարեղեն, ընկույզներ:
Ցածր կալորիական սնունդ
Արժե նախապատվությունը տալ սննդանյութերի` բջջանյութի, սպիտակուցների, առողջ ճարպերի բարձր պարունակությամբ մթերքներին: Ցածր կալորիական մթերքներում չափից քիչ են բարդ ածխաջրերը, արդյունքում Դուք արագ կսովածանաք եւ դժվար կլինի դիմադրել որեւէ տապակած եւ վնասակար բան ուտելու գայթակղությանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում