Երեխաների համար պասիվ ծխելն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան մեծերի համար

14 սեպտեմբերի, 2016  16:28

Երեխաների առողջության համար պասիվ ծխելն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան մեծահասակների համար, այն մեծացնում է խրոնիկական սրտանոթային եւ շնչառական հիվանդությունների զարգացման ռիսկը, որով երեխան ստիպված կլինի ապրել ամբողջ կյանքում: Այդ մասին զգուշացնում են Children's Mercy Hospital-ի գիտնականները (ԱՄՆ):

Ծխախոտի ծխի թունավոր բաղադրիչները վնասում են երեխայի արյունատար անոթները, որը ստիպված է ներշնչել այդ ծուխը:  Արդյունքում մարդիկ, որոնք մանուկ հասակում պասիվ ծխող են դարձել, ավելի հաճախ են բախվում սրտանոթային հիվանդությունների: Ավելին, որոշ երեխաներ, որոնք դեռեւս ներարգանդային զարգացման ընթացքում ենթարկվել են ծխախոտի ծխի ազդեցությանը, մանուկ հասակում մանկական անսպասելի մահվան համախտանիշի զոհ են դառնում: 

Circulation  ամսագրում իրենց հետազոտությունը հրապարակած գիտնականների խոսքով, ծխախոտի ծխում մեծ քանակությամբ քիմիական նյութեր են պարունակվում, որոնք ուղղակիորեն ազդում են առողջության վրա արյան շրջանառության, արյունատար անոթների, զարկերակային ճնշման եւ սրտի ռիթմի  փոփոխությունների հաշվին: Սրտին եւ զարկերակներին հասցվող վնասից բացի, երեխաների մոտ պասիվ ծխելը կարող է կապված լինել   սրտանոթային ռիսկի այլ գործոնների հետ, ինչպիսին է ճարպակալումը, խոլեստերինի բարձր մակարդակը եւ ինսուլինին դիմադրողականությունը, որը կարող է դիաբետի հանգեցնել: 

Ավելին, եթե երեխաները մեծանում են ծխողների ընտանիքում, էականորեն աճում է այն բանի հավանականությունը, որ իրենք էլ կծխեն, երբ մեծանան: 

Նշենք, որ 2011-12 թվականներին մարդկանց մեծ խմբի շրջանում իրականացված արյան անալիզները նիկոտինի` կոտինին անվանումով մետաբոլիտի բացակայություն են  ի հայտ են բերել 3-ից 11 տարեկան երեխաների գրեթե 41 տոկոսի մոտ, ինչպես նաեւ 12-ից 19 տարեկան երեխաների եւ անչափահասների 34 տոկոսի մոտ: Դա նշանակում է, որ, չնայած ԱՄՆ-ում ծխողների թվի կրճատմանը, շատ երեխաներ շարունակում են մեծանալ ծխողների ընտանիքներում եւ ծխախոտի ծխի վտանգավոր ազդեցությանն են ենթարկվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում