Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքան ագրեսիվ է

16 սեպտեմբերի, 2016  22:50

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքան ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա):

Գիտնականների խոսքով, տեղաշարժման ընթացքում մարդկանց մարմնի ստորին եւ վերին հատվածների շարժումները տարբեր տեսք են ունենում եւ դրանց բարձր ինտենսիվությունը կարող է վկայել քայլող մարդու նյարդայնանալու հակման մասին:  Քայլվածքի եւ ագրեսիայի միջեւ կապ հայտնաբերելու համար համալսարանի աշխատակիցները շարժումը որսացող տեխնոլոգիա են օգտագործել (Motion capture), որը կիրառվում է համակարգչային խաղերի ստեղծման համար, ինչպես նաեւ հատուկ հարցաշարեր: 

29 կամավոր, որոնք մասնակցել են հետազոտությանը, հարցաթերթիկ են լրացրել, որոնց հարցերը կոչված էին չափելու ագրեսիայի նրանց մակարդակը:  Նրանք պատասխանել են նաեւ հինգգործոնանի «Մեծ հնգյակ» հարցաթերթիկի, որն օգտագործվում է մարդու իմպուլսիվության աստիճանը, հուզական կայունությունը, փոխզիջումների հակումը որոշելու համար. հարցաշարը նաեւ ցույց է տալիս, թե արդյոք մարդն ինտրովերտ է, թե էքստրավերտ: 

Հետո շարժումը որսացող տեխնոլոգիայի օգնությամբ գիտնականները վերլուծել են, թե մասնակիցներն ինչ եղանակով են իրենց բնորոշ քայլով տեղաշարժվում վազքուղու վրա, թե ինչպես է շարժվում նրանց իրանը, կոնքերը, ինչ արագությամբ են նրանք քայլում: 

Հետազոտության առաջատար հեղինակ Լայեմ Սետչելլը մեկնաբանել է, որ քայլքի ընթացքում, երբ մարդը ձախ ոտքով է քայլում, իրանի ձախ կեսը շարժվում է ոտքի հետեւից, ձախ ուսը մի քիչ հետ է գնում, իսկ աջը` առաջ, հավասարակշռությունը պահպանելու համար: Ագրեսիվ մարդկանց մոտ այդ շարժումների ամպլիտուդն ավելի մեծ է, քան հանգիստ մարդկանց մոտ: 

Հարցաթերթիկների վերլուծության արդյունքները հաստատել են. այն մարդկանց մոտ, ում ագրեսիայի մակարդակն ավելի բարձր է, շարժումներն ավելի լայն են եղել: Գիտնականներն ընդգծել են, որ դա առաջին աշխատանքն է, որը գիտականորեն հաստատում է, որ «ագրեսիվ քայլվածք» իրոք գոյություն ունի: Նրանց կարծիքով, անվտանգության կազմակերպությունների աշխատակիցների համար ծայրաստիճան օգտակար կլինի իմանալ, թե ինչ տեսք ունի ագրեսիվ մարդու քայլվածքը. այդպես նրանք կկարողանան շատ վեճեր եւ խնդիրներ կանխել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում