Միայնակ մարդկանց ավելի դժվար է նիհարելը

24 սեպտեմբերի, 2016  15:53

Ընտանիք ունեցող մարդիկ անհամեմատ ավելի հազվադեպ են տառապում ավելորդ քաշից, որովհետեւ հաճախ ամաչում են վնասակար սնունդ ուտել իրենց զուգընկերոջ աչքի առաջ, պարզել են ճապոնացի գիտնականները: Հետազոտության արդյունքների մասին համառոտ հայտնում է  The Telegraph-ի հոդվածը:

6 տարվա ընթացքում մասնագետները վերլուծել են երկրորդ տեսակի դիաբետով   270 հիվանդի առողջության ցուցանիշները: Պարզվել է, որ նրանք, ովքեր ամուսինների կամ զուգընկերների հետ են ապրել, ավելի հազվադեպ են մարմնի զանգվածի   25-ից բարձր ինդեքս ունեցել:

Հետազոտությանը 90 միայնակ հիվանդ է մասնակցել, եւ հենց նրանց օրգանիզմում են բժիշկները ճարպի առավել բարձր ցուցանիշներ եւ նյութափոխանակային համախտանիշով ավելի մեծ հիվանդացում արձանագրել: 

Գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ եւ շաքարային դիաբետով հիվանդների ֆիզիկական վիճակը վերահսկում են նրանց երկրորդ կեսերը, այսպիսով, հիվանդները ճիշտ եւ սննդակարգին համապատասխան են սնվում: 

Փորձարկումների ընթացքում նաեւ պարզվել է, որ ամուսնացած տղամարդիկ  58 տոկոսով պակաս են ենթակա դիաբետով, հիպերտոնիայով հիվանդանալու եւ ավելորդ քաշ կուտակելու ռիսկին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում