Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները:
Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող 12 կամավոր է մասնակցել: Հիվանդները JAK-կինազայի ռուկսոլիտինիբ ինհիբիտոր են ընդունել եւ դեղի ընդունման 3-6 ամսվա ընթացքում հիվանդների 75 տոկոսի մոտ վերականգնվել է նախկինում կորցրած մազածածկույթի մոտ 90 տոկոսը: Մինչ այդ, միջոցն արդեն փորձարկվել էր կենդանիների վրա:
Բժիշկ Ջուլիան Մակեյ-Ուգգանը ենթադրում է, որ JAK-կինազայի ինհիբիտորը գուցե առաջին արդյունավետ միջոցն է օջախային ալոպեցիայի դեմ: Իմիջիայլոց, նոր միջոցը նաեւ թերություններ ունի. դրա ընդունումը դադարեցնելուց հետո մազերը դարձյալ սկսել են թափվել, չնայած` ոչ նույն չափով, ինչպես մինչեւ ռուկսոլիտինիբի կուրսը: Այդ հետազոտության մասին հայտնում է Journal of Clinical Investigation/Insight ամսագիրը:
Մեկ այլ հետազոտական խումբ JAK-կինազայի մեկ այլ ինհիբիտոր է փորձարկել` տոֆացիտինիբ դեղամիջոցը: Այն եւս արդյունավետ է եղել, չնայած ավելի փոքր թվով հիվանդների է օգնել. բարելավումներ դիտարկվել են հիվանդների 32 տոկոսի մոտ (նրանց մազածածկույթը վերականգնվել է մոտավորապես 50 տոկոսով): Ինչպես ռուկսոլիտինիբի դեպքում, դեղամիջոցի ազդեցությունն այնքան էլ երկարատեւ չի եղել. դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց 8.5 շաբաթ անց հիվանդները դարձյալ սկսել են մազեր կորցնել:
Հիվանդները լավ են տարել երկու դեղամիջոցն էլ, դրանք կողմնակի հետեւանքներ չեն առաջացրել: Հիմնական բարդացումը եղել է իմունիտետի նվազումը եւ, հետեւաբար, հիվանդությունների նկատմամբ ընկալունակությունը:
Նշենք, որ JAK-կինազայի ինհիբիտորներն արդեն հավանության են արժանացել ոսկրածուծի քաղցկեղի, ինչպես նաեւ ռեւմատոիդ հոդացավի բուժման համար: Բացառված չէ, որ մոտ ժամանակներս դրանք սկսեն կիրառվել նաեւ ճաղատացման դեմ պայքարում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում