Գերմանիայում հաջողությամբ կատարվել է արգանդի փոխպատվաստման առաջին վիրահատությունը

22 հոկտեմբերի, 2016  15:58

Գերմանիայում առաջին անգամ հաջողությամբ կատարվել է արգանդի փոխպատվաստման վիրահատություն: Տյուբինգենի համալսարանական կլինիկայում կատարված բազմաժամյա վիրահատությունը ընթացել է առանց բարդությունների: Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտնել են գերմանական գործակալությունները:

23-ամյա հիվանդը տառապում էր կանացի սեռական օրգանների զարգացման բնածին արատով,  Մայեր-Ռոկիտանսկի-Կուստեր-Հաուզերի ախտանիշով, եւ չբեր էր: Դոնորը, որի անունը չի հրապարակվում, հանուն նրա զոհաբերել է իր արգանդը: Այս վիրահատությանը Տյուբինգենում պատրաստվում էին  մի քանի տարի շարունակ:

Վիրահատությանը մասնակցել է շվեդ պրոֆեսոր Մաթս Բրենսթրյոմի բժիշկների խումբը, որն այդպիսի վիրահատությունների ռահվիրան է համարվում: 2014 թվականին հենց նրա կատարած արգանդի փոխպատվաստման վիրահատությունից հետո անպտղությամբ տառապող կինը առաջին անգամ առողջ երեխա ծննդաբերեց: Արգանդը նրան էր տրամադրել ընտանիքի բարեկամ 61-ամյա դոնորը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում