Ծխախոտի տուփերի վրա պատկերված սարսափեցնող նկարներն օգնում են ծխելու դեմ պայքարին

24 հոկտեմբերի, 2016  23:49

Գերմանիայում այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծխախոտի վաճառքի ծավալները նվազել են 11.3%-ով, սիգարների վաճառքը՝ 21.9%-ով: Այս մասին հայտնել է Գերմանական դաշնային վիճակագրական գերատեսչությունը: Չի բացառվում, որ ծխողների վրա ազդել է ծխախոտի եւ սիգարի տուփերի վրա սարսափեցնող պատկերների տպագրումը, որոնք ոչ միայն հիշեցնում են առողջության համար ծխելու վնասի մասին, այլեւ պատկերում են այդ վնասը:

Այս տարվա հուլիսից սեպտեմբեր ծխախոտ արտադրողները 6.3 մլրդ եվրոյի վաճառք են ապահովել, ինչը 11%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Ծխախոտային արտադրանքի միակ խումբը, որի սպառումը զգալիորեն աճել է (33.5%), ծխամորճի թութունն է:

Նշենք, որ նոր տուփերով սիգարետները Գերմանիայում հայտնվել են մայիսից:

Հայաստանում ծխախոտի տուփերին առայժմ սարսափեցնող նկարներ չեն տպվում, չնայած բազմաթիվ փորձագետներ հավաստում են, որ դա իսկապես կօգներ նվազեցնել ծխողների թիվը:

Նշենք, որ ծխախոտի տուփերի վրա ծխելու հետեւանքով առաջացող հիվանդություններով մարդկանց պատկերներ տեղադրելու պրակտիկան բավական տարածված է մեծ թվով երկրներում: Համարվում է, որ մարդկանցից շատերը, հատկապես՝ դեռահասները, ծխել սկսում են հանուն «գլամուրային» կերպարի եւ միայն այն պատճառով, որ ծխելը «նորաձեւ» է: Տարածված կարծիքի համաձայն՝ ծխախոտի տուփն արտաքուստ ոչ գրավիչ դարձնելով, կարելի է նվազեցնել ծխողների ընդհանուր թիվը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում