Դոնորն ամուսնացել է այն կնոջ հետ, ում կյանքը փրկել է

28 հոկտեմբերի, 2016  17:53

Երբ Քրիստոֆեր Դեմփսին որոշում է իր լյարդի մի մասը նվիրաբերել անծանոթուհուն, չէր էլ պատկերացնում, թե ինչ շարունակություն կունենա այդ պատմությունը. լյարդի փոխպատվաստման վիրահատությունից շուրջ 2 տարի անց դոնորն ու հիվանդն ամուսնացել են:

2015 թվականի փետրվարին բժիշկները Հեզեր Քրյուգրին հաղորդում են, որ լյարդի 4-րդ կարգի անբավարարություն ունի եւ հավանականությունը, որ առաջիկա 2 ամիսների ընթացքում կմահանա, 50% է: Այդ ժամանակ աղջիկն արդեն երկու տարի է՝ հիվանդ էր: Նրա ընտանիքը սկսում է դոնոր փնտրել, բայց դա դժվար գործ էր, քանի որ ավելի քան 119 հազար մարդ արդեն սպասման մեջ էր: Երբ վերջնականապես հուսահատվել էին, հայտնվում է նախկին նավաստի, հիմա շինարարական տեսուչ Քրիստոֆեր Դեմփսին:

Այն մասին, որ ինչ-որ աղջկա անհապաղ լյարդի փոխպատվաստում է հարկավոր, տղամարդը տեղեկանում է գործընկերոջից, որը Հեզերի ազգականն է: Քրիստոֆերը մտածել է. իսկ կցանկանա՞ր, որ նման իրավիճակում ինչ-որ մեկն օգներ իրեն կամ իր ընտանիքին: Պատասխանը միանշանակ էր, եւ տղամարդը որոշում է անալիզներ հանձնել՝ պարզելու համար, արդյո՞ք կարող է նրա դոնորը դառնալ: Պարզվել է, որ նա համատեղելի է Հեզերի հետ: Այդ ժամանակ Քրիստոֆերն անձամբ է զանգահարում Հեզերին եւ հայտնում, որ պատրաստ է նրա դոնորը դառնալ:

Որոշ ժամանակ անց տղամարդն աղջկան ճաշի է հրավիրում՝ նրա հետ անձամբ ծանոթանալու համար: Հետագա շաբաթների ընթացքում, մինչ դոնորն ու հիվանդը պատրաստվում էին փոխպատվաստման, սկսում են ավելի հաճախ շփվել: Վիրահատությունը մարտի 16-ին էր նշանակված, եւ մինչ այդ նրանք հասցնում են մի քանի ժամադրություն ունենալ, սակայն չեն բարձրաձայնում հարաբերությունների մասին: Նախկին նավաստին փոքր-ինչ նյարդայնանում էր, բայց վստահ էր, որ ամեն ինչ լավ է լինելու եւ, ինչպես նշում է, ոչ մի վայրկյան չի փոշմանել կայացրած որոշման համար:

8 ամիս անց Քրիստոֆերը Հեզերին ամուսնության առաջարկ է անում, եւ նա համաձայնում է: Առաջին հանդիպումից 19 ամիս անց աղջիկն ամուսնանում է իր դոնորի հետ: Հիմա երկուսն էլ իրենց լավ են զգում:

«Երբ համաձայնեցի այս ամենին, չէի էլ պատկերացնում, որ նա իմ կինը կդառնա: Սա անհավանական է»,- խոստովանում է Քրիստոֆերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում