Ծխելը զգալիորեն մեծացնում է տկարամտության կամ Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը: Նման եզրահանգման են եկել ամերիկյան Kaiser Permanente-ից մասնագետները:
Նրանք վերլուծել են 1978-1985 թվականներն ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Քալիֆորնիայում հետազոտված ավելի քան 20 հազար կանանց եւ տղամարդկանց հիվանդության պատմությունը: Այդ ժամանակ նրանք 50-60 տարեկան են եղել: Այնուհետեւ գիտնականները ստուգել են, թե 1994-2008 թվականների ընթացքում հետազոտության մասնակիցներից ում մոտ է «տկարամտություն» ախտորոշվել:
Արդյունքում օգտագործած ծխախոտի քանակության եւ տկարամտության առաջացման վտանգի միջեւ ուղղակի կապ է բացահայտվել: Այսպես. օրական ավելի քան երկու տուփ ծխելու դեպքում Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը մեծանում է 157%-ով, անոթային դեմենցիայի դեպքում այդ ցուցանիշն ավելի բարձր է՝ 172%:
Նրանց մոտ, ովքեր օրական կես կամ մեկ տուփ են ծխել, տկարամտության առաջացման վտանգը կազմել է 37%, իսկ մեկից երկու տուփ ծխողների պարագայում՝ 44%:
Ըստ հետազոտողների՝ ծխելու եւ տկարամտության տարբեր ձեւերի միջեւ կապն ակնհայտ է, սակայն դրա առաջացման կենսաբանական մեխանիզմն ամբողջությամբ պարզ չէ: Առնվազն հայտի է, որ ծխախոտը բացասաբար է ազդում անոթների վրա, այդ թվում՝ ուղեղի, ինչը հանգեցնում է արյան վատ մատակարարման, հիպերտոնիայի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում