«Էրեբունի» ԲԿ-ում պարանոցի կոտրվածքով հիվանդի եզակի վիրահատություն են կատարել

31 հոկտեմբերի, 2016  19:02

«Էրեբունի» ԲԿ-ում 2-րդ պարանոցային ողի ատամնաձեւ ելունի (3-րդ  տիպի) կոտրվածքով հիվանդի եզակի վիրահատություն են կատարել: Հիվանդանոցի կայքի փոխանցմամբ՝ Հայաստանում նման վիրատահություն առաջին անգամ է արվում: Այն կատարել է «Էրեբունի» ԲԿ Ողնաշարի պաթոլոգիայի վիրաբուժության բաժանմունքի վարիչԿարապետ Մոմջյանը:

1993 թվականին ծնված երիտասարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել հոկտեմբերի 12-ին, բարձրությունից ընկնելուց հետո: Նա չի կարողացել շարժել ձախ ձեռքն ու ոտքը, այդ վերջույթների զգայնության մասնակի խանգարում է արձանագրվել: Համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունը հիմքի մոտ 2-րդ պարանոցային ողի ատամնաձեւ ելունի կոտրվածք է ախտորոշել՝ բեկորների ամբողջական տեղաշարժմամբ:

Հիվանդանոցում պարզաբանել են, որ ողնաշարի պարանոցային հատվածի վնասվածքները միշտ ավելի վտանգավոր են՝ ի տարբերություն այլ հատվածների վնասվածքների, քանի որ այն գտնվում է ողնուղեղի կենսական նշանակության ֆունկցիոնալ կենտրոնների անմիջական հարեւանությամբ: Նման վնասվածքները կարող են հանգեցնել մահվան հենց տեղում, իսկ դեպքերի մեծ մասի պարագայում նման հիվանդները ծանր հաշմանդամ են դառնում:

Շատ կարեւոր է նման հիվանդների մոտ անմիջապես ֆիքսել պարանոցը եւ դրանից հետո միայն բուժհաստատություն տեղափոխել, քանի որ պարանոցի եւ գլխի յուրաքանչյուր շարժում կարող է լուրջ բարդությունների հանգեցնել:

Կլինիկա ընդունվելուց անմիջապես հետո, հիվանդին տեղակայվել է ձգում գլխից 1-ին ողի կոտրվածքի ձեռքային միամոմենտ շտկելուց հետո ռենտգեն-հսկողության տակ: Արդեն հաջորդ օրը հիվանդի մոտ հայտնվեցին շարժումներ ձախ ոտքում:

Հոկտեմբերի 19-ին Կարապետ Մոմջյանը վիրահատել է հիվանդին. առաջային մուտքից 2-րդ պարանոցային ողից մարմնի միջով անց է կացվել հատուկ պտուտակ լրացուցիչ շտկված ատամնաձեւ ելունի մեջ: Այդպիսով այն ֆիքսվել է իր տեղում, իսկ հետո պարանոցը լրացուցիչ  ֆիքսվել է պարանոցային ամրակով:

Վիրահատությունից երկու օր անց հիվանդի մոտ շարժում է նկատվել ձախ արմունկահոդում, իսկ հաջորդ օրը՝ նաեւ դաստակում: Զգալիորեն բարելավվել է ձախ ոտքի շարժունակությունը, վերականգնվել է այդ վերջույթների զգայնությունը:

Հիվանդին արդեն ոտքի են հանել, վերականգնողական բուժումը շարունակվում է:

https://erebunimed.com/arm/news.more/211

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում