3 սխալ, որ շատերը թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս

14 նոյեմբերի, 2016  23:43

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ մինչ բժիշկների գալը տուժողների վիճակը միայն վատանում է այն մարդկանց սխալ գործողությունների պատճառով, ովքեր ցանկանում են նրանց օգնել: Ներկայացնենք մի քանի սխալներ, որոնք մարդիկ կատարում են առաջին օգնություն ցուցաբերելիս:

ՃՏՊ

Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ շատերն անմիջապես փորձում են տուժողին մեքենայից դուրս բերել: Սակայն չարժե դա անել, քանի որ տուժողը կարող է լուրջ վնասվածքներ ունենալ (օրինակ՝ կոտրվածքներ), որոնց վիճակը կարող է վատանալ սխալ վերաբերվելու հետեւանքով: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս տուժողին մեքենայից ինքնուրույն դուրս բերել միայն այն դեպքում, երբ համոզված են, որ այն կարող է բռնկվել կամ պայթել: Մնացած դեպքերում ավելի ճիշտ է շտապ օգնությանը կամ փրկարարներին սպասելը: Մինչ նրանց ժամանելը խորհուրդ է տրվում խոսել տուժածների հետ, նրանց սատարել եւ հանգստացնել:

Եթե նկատում եք, որ տուժածի մոտ արյունահոսություն է սկսվել, կարելի է փորձել այն դադարեցնել՝ վնասված տեղը մաքուր գործվածքի կտորով սեղմելով:

Ջղաձգման նոպաներ

Ջղաձգման նոպաների ժամանակ օգնություն ցուցաբերելիս մարդիկ հաճախ միեւնույն սխալն են թույլ տալիս՝ նոպայի ժամանակ մարդու ատամների արանքում ինչ-որ իր են դնում: Այդպիսի գործողությունը հանգեցնում է ատամների կոտրվելուն եւ մատները կծոտելուն:

Մասնագետների խոսքով՝ ջղաձգումներ սկսվում են ոչ միայն էպիլեպսիայի պատճառով: Տվյալ իրավիճակում լավագույնը, որ կարելի է անել՝ ընկած մարդու գլխի մոտ նստելն է, գլխի տակ որեւէ փափուկ բան դնելը՝ վնասվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Ըստ որում՝ գլուխը պետք է անչափ զգուշորեն շարժել՝ բռնելով քունքերի շրջանից եւ թեթեւակի կողքի թեքելով: Եվ, իհարկե, հարկավոր է շտապ օգնություն կանչել:

Հոդախախտումներ եւ վերքեր

Խորհուրդ չի տրվում նաեւ ինքնուրույն ուղղել հոդախախտումները եւ խորը վերքերի միջից հանել օտար իրերը. այս ամենը պետք է թողնել մասնագետներին: Դրանից բացի, չի կարելի այրված մաշկի վրա կարագ քսել կամ վրան միզել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում