«Ամեն ոք ուզում է երկար ապրել, բայց ոչ ոք չի ուզում ծեր լինել»,- սա Ջոնաթան Սվիֆթի խոսքն է, որ հնչեց նոյեմբերի 28-ին «Բժշկություն, երկարակեցություն եւ կյանքի որակը» շարքից «Հորմոնոֆոբիայից մինչեւ հորմոնոֆիլիա» թեմայով գիտաժողովի ժամանակ։ Այդ բառերը, ամենայն հավանականությամբ, կդառնան Հայաստանի հակատարիքային բժշկության ասոցացիայի կարգախոսը: Սա թվով չորրորդ գիտաժողովն է այս թեմայով. «Հակատարիքային բժշկությունը ապագայի բժշկությունն է», - ասաց Հայաստանի հակատարիքային բժշկության ասոցացիայի նախագահ, «Նատալի ՖարմՄալաթիա» բժշկական կենտրոնի կանանց խորհրդատվության վարիչ Իննա Պերսոյանը:
«Շատ շուտով բժշկությունը կդառնա կանխարգելիչ եւ շտապ (վիրաբուժական միջամտություն)»: Երկրորդը՝ չկանխատեսված դեպքերի համար: Քրոնիկ հիվանդություններ բուժող բժշկություն պետք է ընդհանրապես գոյություն չունենա: Մենք հաճախ խոսում ենք հիվանդությունների կանխարգելման մասին: Մինչդեռ ավելի հաճախ դա պրոֆիլակտիկ ախտորոշում է, օրինակ, քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերում: Իսկ հակատարիքային բժշկության նպատակն է ի սկզբանե, դեռեւ ախտանշանային փուլում կանխարգելել հիվանդությունը: Հնարավոր է Հայաստանում սա մի փոքր ֆանտաստիկ է հնչում, բայց, որոշելով մարդու գենոտիպը եւ իմանալով հնարավոր հիվանդությունների մասին, կարելի է դրանք ժամանակին կանխարգելել դեռեւս մինչեւ դրսեւորումը՝ կազմելով հատուկ ծրագիր, որով մարդը պետք է ապրի: Գենոտիպը որոշվում է կյանքում մեկ անգամ, քանի որ գենի մուտացիան ոչ հորմոն է, ոչ էլ վարակ, որ փոխվի: Դրա հետ մեկտեղ պետք է տարին մեկ անգամ խորհրդակցել բժշկի հետ եւ ժամանակին ստուգել արյան մակարդելիությունը» ,- ասաց նա։
Ցավոք սրտի, մասնագետներ, ովքեր կարեղ են ճիշտ վերլուծել անալիզների պատասխանները (գենոկոդի մի խումբ գեների անալիզներ իրականացվում են Գենետիկայի ինստիտուտում ) Հայաստանում դեռեւս քիչ են: Տրամաբանորեն առաջացած հարցին, ինչու այդ դեպքում կատարել բավականին թանկ արժեցող գենոտիպի բացահայտման անալիզը, Իննա Պերսոյանը պատասխանեց. «Ասոցիացիան գոյություն ունի արդեն 10 տարի (սկզբում նրա մեջ մտնում էին միայն գինեկոլոգները եւ այն կոչվում էր Գինեկոլոգ-էնդոկրինոլոգների Ասոցիացիա, հիմա կազմը փոփոխվել է, եւ անվանումը նույնպես փոփոխվել է): Բայց բժշկության այդ բնագավառով մենք սկսեցինք զբաղվել ընդամենը երկու տարի առաջ, եւ արդեն շատ մեծ առաջընթաց ունենք՝ ակտիվ աշխատանքներ տանելով ոչ միայն բժիշկների այլ նաեւ բնակչության հետ: Եւ նույնիսկ այսօր մասնագետների պակասի պայմաններում, հնարավոր է կանխարգելել հիվանդությունները՝ ծնված օրվանից հետեւելով որոշակի սննդակարգի՝ ելնելով այս կամ այն հիվանդության առկայությունից: Չէ որ դիետան սննդի սահմանափակումը չէ նիհարելու նպատակով: Դիետան ՝ ճիշտ սնունդն է : Իմիջիայլոց, փոքրացնելով սննդի կալորիականությունը, մենք կարող ենք երկարացնել կյանքի տեւողությունը 30-ից 50 տարով: Գենետիկ կոդի տվյալներով կարելի է որոշել, օրինակ, ինչ վիտամիններ են հակացուցված այդ օրգանիզմին, ցուցված է արդյոք այդ մարդուն բուսակերություն, ինչ արտադրություններում է նրան արգելված աշխատելը... Ցավում եմ, այսօր ոչ բոլորը կարող են իրենց նման անալիզ թույլ տալ, բայց մտածում եմ, որ ժամանակի ընթացքում այն կմտնի մյուսների շարքի մեջ: Բացի դրանից, գենետիկ կոդը կարելի է աստիճանաբար որոշել, գեների խմբերով: Ընդ որում դա կարելի է անել երեխայի ծնված օրվանից: Բայց ինչքան էլ տարօրինակ է հնչում, պրակտիկ գործունեության ընթացքում ես համոզվեցի, որ մայրերը չեն ուզում տեղեկացված լինել իրենց երեխաների հնարավոր հիվանդությունների մասին» , - ասում է Իննա Պերսոյանը:
Ելույթ ունեցողների խոսքը նվիրված էր գիտաժողովի հիմնական թեմային՝ «հորմոնոֆոբիա եւ հորմոնոֆիլիա»:
Դաշտանադադարի շրջանում հորմոնի ընդունման մասին խոսեց բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության պաշտպանության բաժնի վարիչ Գայանե Ավագյանը: Օստեոպորոզի զարգացման կանխարգելման նպատակներով հորմոնների ընդունման մասին խոսեց բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Արուստամյանը, տարբերակիչ ախտորոշման եւ դիզուրիայի բուժման մոտեցումների մասին ելույթ ունեցավ բժշկական գիտությունների թեկնածու, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընհանուր, ուռուցքաբանության եւ լապարասկոպիկ ուրոլոգիայի կլինիկայի տնօրեն Ռուբեն Հովհաննիսյանը:
«Հերոպրոտեկտորները հակատարիքային բժշկության առանձին թեմա են: Դրանք դեղեր են, որոնք թույլ են տալիս պահպանել երիտասարդությունը եւ երկար կյանքը, իսկ ամենակարեւորը՝ որակը: Հերոպրոտեկտորների թվին է պատկանում փոխարինող հորմոնալ թերապիան, որին էլ նվիրված է «Երկարակեցության Բժշկություն» շարքից այս գիտաժողովը»,- ասում է Իննա Պերսոյանը, դժգոհելով. «Այսօր շատերը, չգիտես ինչու, խուճապի մեջ են ընկնում, լսելով հորմոնների մասին: Հնարավոր է, մի քանի տարի առաջ, երբ հորմոններն ընդունվում էին մեծ քանակությամբ, այդ վախը հիմնավորված էր: Բայց ներկայումս այդ ոլորտն այնքան լավ ուսումնասիրված է, եւ հորմոնների քանակությունն այնքան փոքր է, որ դրանց օգտագործման վախի հիմքեր չկան»,- եզրակացնում է Իննա Պերսոյանը:
Յանա Ավչիյան
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում