Ճանաչենք հիվանդությունները. դիաբետ

16 նոյեմբերի, 2016  21:32

Հնարավոր է՝ որոշ հիվանդությունների մասին ձեր կյանքի ընթացքում ընդհանրապես չեք լսել, եթե, իհարկե, բժիշկ չեք: Սակայն կան հիվանդություններ, որոնց յուրաքանչյուրը կարող է բախվել, եւ չի կարելի դրանց մասին չիմանալ:

NEWS.am Medicine-ը նոր խորագրի ներքո ներկայացնում է այն հիվանդությունները, որոնց մասին յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, որպեսզի դրանց ներկայացրած վտանգների մասին պատկերացում ունենա, իմանա ինչպես պաշտպանվել դրանցից եւ ինչ պետք է անել, եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք:

Այսօրվա թեման շաքարային դիաբետն է: Ավելին իմանալ այս հիվանդության մասին NEWS.am Medicine-ի թղթակցին օգնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ՆոնաՄարտիրոսյանը:

Շաքարային դիաբետը կլինիկական համախտանիշ է քրոնիկ ընթացքով, որի ժամանակ ինսուլինի բացարձակ կամ հարաբերական անբավարարության հետեւանքով զարգանում է հիպերգլիկեմիա` արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կայուն աճ: Այն ուղեկցվում է նյութափոխանակության բոլոր օղակների խանգարումներով, անոթների գեներալիզացված ախտահարմամբ, եւ տարբեր հյուսվածքների ու օրգանների ֆունկցիոնալ փոփոխություններով: 

Առանձնացվում է շաքարային դիաբետի 2 հիմնական տեսակ` տիպ 1 եւ տիպ 2:

Տիպ 1 դիաբետի հիմքում ընկած է ինսուլինի բացարձակ անբավարարությունը, որի դեպքում ցուցված է մշտական ինսուլինոթերապիան:  Այն սովորաբար զարգանում է մանուկ հասակում կամ երիտասարդների մոտ:

Տիպ 2 դիաբետի հիմքում ընկած է ինսուլինի հարաբերական անբավարարությունը եւ, մեծամասամբ,  հյուսվածքների զգայունության նվազումը ինսուլինի ներգործության նկատմամբ (այսպես կոչված` ինսուլինակայունություն):  Դիաբետով հիվանդների մեծ մասը տառապում են տիպ 2 դիաբետով, որը մեծ մասամբ զարգանում է 30-40 տարեկանից  բարձր հասակում եւ հանդիսանում է ավելցուկային քաշի եւ սակավաշարժ ապրելակերպի արդյունք:

Տարածվածությունը

Շաքարային դիաբետի տարածվածությունը տարեցտարի աճում է. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, հիվանդացության մակարդակը 1980-ից մինչեւ 2014 թվականը աճել է  108 միլիոնից  մինչեւ 422 միլիոն մարդ: Այսինքն, դիաբետով հիվանդների թիվը 34 տարվա ընթացքում աճել է մոտ 4 անգամ:

Ինչ վերաբերում է այդ հիվանդության տարածվածությանը Հայաստանում, 2015 թվականի վերջում Հայաստանում գրանցվել է 77087 դիաբետով հիվանդ: Հարկ է սակայն նշել, որ դիաբետով շատ մարդիկ դեռեւս անտեղյակեն, որ հիվանդ են:

Ռիսկի գործոնները

Նոնա Մարտիրոսյանը նշեց տիպ 2 դիաբետի զարգացման ռիսկի մի քանի հիմնական գործոններ.

•  Մեծ դեր է խաղում ժառանգական նախատրամադրվածությունը. ծնողների կամ մոտ հարազատների շրջանում շաքարային դիաբետի առկայության դեպքում տիպ 2 շաքարային դիաբետի զարգացման ռիսկն աճում է 2-6 անգամ, հատկապես երբ առկա են նաեւ ստորեւ թվարկված ռիսկի գործոնները:

•  Ճարպակալում: Ինչպես մեկնաբանեց մասնագետը, ճարպակալումը, վիճակագրական տվյալների համաձայն,  զգալիորեն մեծացնում է դիաբետի զարգացման վտանգը.

1-ին աստիճանի ճարպակալման դեպքում (մարմնի զանգվածի ինդեքսը` ՄԶԻ 30-34.9) դիաբետի վտանգը կրկնապատկվում է, 2-րդաստիճանի ճարպակալման դեպքում (ՄԶԻ 35.5-39) այն մեծանում է 5 ագամ, 3-րդ աստիճանի ճարպակալման դեպքում (ՄԶԻ 40 եւավելի)` 10 անգամ: Հատկապես կարեւորվում է որովայնային տիպի ճարպակալման դերը շաքարային դիաբետի եւ մետաբոլիկ համախտանիշի մյուս բաղկացուցիչների զարգացման գործում:

•  Հիպոդինամիա: Սակավաշարժ կենսակերպը մեծացնում է տիպ 2  դիաբետի առաջացման վտանգը, իսկ ակտիվությունը եւ սպորտով զբաղվելը, ընդհակառակը, կարող է նվազեցնել այդ վտանգը:

•  Սննդակարգ: Ոչ ճիշտ սննդակարգը, հագեցած հեշտ յուրացվող ածխաջրերով եւ կենդանական ճարպով, նույնպես մեծացնում է դիաբետի զարգացման վտանգը: Հիպոդինամիան եւ ոչ ճիշտ սննդակարգն, որոնք արդեն իսկ համարվում են ռիսկի գործոններ, նաեւ հանգեցնում են ճարպակալման, որը եւս, ինչպես վերը նշվեց, մեծացնում է տիպ 2 դիաբետի առաջացման ռիսկը:

•  Միայն ծխելը, ըստ ամենայնի, չի կարող հանգեցնել շաքարային դիաբետի, սակայն այն զգալիորեն մեծացնում է շաքարային դիաբետի ժամանակ անոթային բարդությունների զարգացման վտանգը:

հիվանդություն, սակայն վերջերս հայտնի են դառնում դեպքեր, երբ հենց այս տիպի դիաբետ են հայտնաբերում նաեւ երեխաների մոտ, ովքեր ունեն ավելցուկային քաշ:

Տիպ 2 դիաբետի ախտանիշները

Ի տարբերություն սուր սկիզբ ունեցող տիպ 1 դիաբետի, տիպ 2-ն սովորաբար ունի աստիճանաբար սկիզբ, նրա ախտանիշներն ի հայտ են գալիս եւ զարգանում են ժամանակի ընթացքում, եւ մարդը կարող է մի քանի ամիս, նույնիսկ մի քանի տարի ուշադրություն չդարձնել դրանց: Ի հետեւանք, նման հիվանդներին ախտորոշում են մի քանի տարի ուշացումով:

Հիմնական ախտանիշները, որոնք նշում են դիաբետով հիվանդները, հետեւյալն են. անհագ ծարավի զգացում, բերանի չորություն, շատամիզություն, գիշերամիզություն, թուլություն, քնկոտություն (հատկապես ուտելուց հետո): Բոլոր այս ախտանիշները կարող են դրսեւորվել տարբեր ուժգնությամբ:

Բուժումը

Ինչպես նշեց մասնագետը, բուժման բացակայության կամ թերի բուժման դեպքում դիաբետը կարող է հանգեցել սիրտ-անոթային համակարգի, երիկամների, աչքի, նյարդային համակարգի, ինչպես կենտրոնական , այնպես էլ պերիֆերիկ ախտահարմանը, վերջույթների անոթների ախտահարմանը` իրենից բխող բարդություններով: Սակայն ժամանակին իրականացվող եւ արդյունավետ բուժման պարագայում բոլոր այս բարդություններից կարելի է խուսափել կամ գոնե դանդաղեցնել դրանց զարգացումը:

Շատ կարեւոր է ժամանակին ախտորոշել շաքարային դիաբետը, հատկապես նախադիաբետի փուլում, երբ առկա են ռիսկի գործոնները եւ գլյուկոզայի սահմանային ցուցանիշները` ժառանգական նախատրամադրվածության հետ միասին: Այս փուլում ճշգրիտ բուժական մոտեցումները` ոչ դեղորայքային եւ դեղորայքային, կարող է կանխել կամ դանդաղեցնել տիպ 2 դիաբետի զարգացումը:

Դիաբետի բուժումն, ինչպես նշեց մասնագետը, ունի երկու կարեւոր բաղադրիչ. կենսակերպի փոփոխություն եւ դեղորայքային բուժում:

Ինչպես նշեց Նոնա Մարտիրոսյանը, առաջին հերթին անհրաժեշտ է փոխել կենսակերպը: Առանց դրա` բուժումը կլինի ոչ արդյունավետ,նշում է մասնագետը:  Նախեւառաջ պետք է պայքարել ավելցուկային քաշի դեմ, ավելացնել ֆիզիկական ակտիվությունը: Մարզասրահ գնալ կամ զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով բնավ պարտադիր չէ. շատ քայլելը, պարզ վարժություններ կատարելը, լողալը արդեն բավարար են գլյուկոզայի յուրացման լավացման համար:

Հաջորդ կարեւոր քայլը սննդակարգի փոփոխությունն է: Մասնագետի խոսքով, անհրաժեշտ է սնվել կոտորակային`օրական 4-5 անգամ,  փոքր չափաբաժիններով: Ցանկալի է նաեւ, որ վերջին սնունդն ընդունվի ոչ ուշ, քան քնելուց 3-4 ժամառաջ: Սննդակարգից պետք է հանել քաղցրավենիքը եւ խիստ սահմանափակել կենդանական ճարպի օգտագործումը: Սննդակարգի հիմքը պետք է լինի բանջարեղենը, որոնց պարունակած բջջանյութը բարելավում է մարսողությունը, նյութափոխանակությունը:

Ինչ վերաբերում է ծխելուն, ապա դիաբետիկներին խորհուրդ է տրվում հրաժարվել այդ սովորությունից` անոթային  բարդությունների կանխարգելման նպատակով:

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարելի է կարգավորել դեղամիջոցների օգնությամբ, որոնք պետք է ցուցի բժիշկ-էնդոկրինոլոգը: «Նաիրի» բժշկական կենտրոնի մասնագետները դիաբետն ախտորոշելիս եւ բուժելիս  առաջնորդվում են միջազգային ուղեցույցներով (եվրոպական, ամերիկյան):

Հակադիաբետիկ հայտնի դեղամիջոցների մեծամասնությունը գրանցված է Հայաստանում եւ հաջողությամբ կիրառվում է, այնպես որ դեղորայքի հասանելիության խնդիրներ մենք չունենք: Կարեւոր է շաքարիջեցնող դեղորայքի ճշգրիտ ընտրությունը, ոչ արդյունավետության դեպքում ժամանակին համակցված դեղորայքային բուժման կիրառումը, ինչպես նաեւ դեղորայքային բուժման ոչ արդյունավետության դեպքում ինսուլինի ներարկման հետ համակցումը:

Շատ կարեւոր է գլյուկոզայի մակարդակների մշտական հսկողությունը հիվանդների կողմից: Դա իրականացվում է հատուկ սարքերի` գլյուկոմետրների միջոցով (արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար): Գլյուկոզայի մակարդակների մշտական հսկողությունը անհրաժեշտ է, որպեսզի թույլ չտրվի գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումներ` թե իջեցում, թե բարձրացում: Ներկայումս կան նաեւ (ընդ որում նաեւ Հայաստանում) գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի սարքեր, որոնց օգնությամբ կարելի է գրանցել գլյուկոզայի մակարդակների շուրջօրյա տատանումները, դրանով իսկ առավել արդյունավետ բուժման սխեմաներ մշակել կոնկրետ տվյալ հիվանդի համար:

Բացի այդ, դիաբետիկներին խորհուրդ է տրվում տարվա մեջ առնվազն երկու անգամ անցնել պարբերական զննումներ եւ հետազոտություններ: Բացի գլյուկոզայի մակարդակի կայուն նորմալ մակարդակներից, անհրաժեշտ է հետեւել զարկերակային ճնշմանը, լիպիդային փոխանակությանը, արյան մակարդելիությանը: Ինչպես նշեց մասնագետը, եթե  տիպ 2 դիաբետի բուժումը կազմակերպվի ճիշտ, եւ եթե հիվանդը հետեւի բժշկի բոլոր ցուցումներին, բուժումը կլինի շատ արդյունավետ, եւ նա կկարողանա ապրել նորմալ կյանքով` առանց լուրջ բարդությունների:

Շաքարային դիաբետը կարող է բուժվել եւ կարելի է խուսափել բարդություններից կամ դանդաղեցնել դրանց զարգացումը` սննդակարգով, ֆիզիկական ակտիվությամբ, դեղորայքով եւ պարբերաբար, կանոնավոր ստուգումներով եւ բարդությունների կանխարգելմամբ ու բուժմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում