Ճարպակալում՝ ներսից. դիահերձման ցնցող կադրեր (ֆոտո)

29 նոյեմբերի, 2016  11:59

Նախազգուշացում. նյութում առկա են դիահերձման ընթացքում նկարահանված լուսանկարներ

BBC-ի պաթոլոգանատոմները կատարել են ճարմակալմամբ տառապող կնոջ դիահերձում՝ նրա մաշկը, սիրտը, թոքերը, լյարդը եւ երրիկամները հետազոտելու համար: Կինը 60 տարեկանից քիչ էր մեծ, նա 165 սմ հասակի դեպքում կշռում էր 108 կգ: Սրտի անբավարարության հետեւանքով մահանալուց առաջ նա իր մարմինը գիտությանն էր կտակել:

Դիահերձման ժամանակ մասնագետներն առաջին հերթին նկատել են մաշկի տակ, հիմնականում՝ փորի հատվածում ճարպի շերտերը:

«Ես պետք է շատ ավելի մեծ ջանք գործադրեի, քան սովորաբար, այդ նեոնային դեղին հյուսվածքները կտրելու համար,- խոստովանել է Queen Mary University-ից Կառլա Վալենտինը:- Դա ինձ ստիպեց խորհրդածել սեփական մարմնում ճարպային շերտերի մասին եւ այն մասին, թե այդ ճարպն ինչպես է իմ առողջության վրա ազդում»:

Պաթոլոգ Ջիլս Յեոն իր հերթին նշել է, որ օրգանիզմին ճարպի որոշ քանակ անհրաժեշտ է, սակայն դրա ավելցուկն առողջության համար չափազանց վտանգավոր է:

Մասնագետներն այնուհետեւ հանել են կնոջ սիրտը, որը, ինչպես իրենք են արտահայտվել, իրենց պարկավուն եւ շատ ավելի ծանր է թվացել, քան պետք է լիներ:

«Լավ կազմվածքով մարդու սիրտը ձիգ է, կոշտ, ինչ-որ բանով սթեյքի լավ կտորի նման: Մինչդեռ այս սիրտը պարկի էր նման: Այն 499 գրամ էր կշռում, ինչը անչափ շատ է: Իր փոքրաչափ հասակի դեպքում կնոջ սիրտը պետք է մոտ 225 գրամ կշռեր: Հենց այսպիսի ծանր եւ լխկած սրտեր են ունենում բարձր ճնշման հետեւանքով սրտի անբավարարությունից մահացած մարդիկ: Այս սիրտն ինչ-որ ժամանակ ձիգ մկան էր, սակայն նմանվել էր թղթե փաթեթի, որն արյուն մատակարարելու ընդունակ չէր»,- նշել է պաթոլոգ Մայք Օսբորնը:

Ճարպակալումն իր հետքն էր թողել նաեւ կնոջ լյարդի վրա. մասնագետների խոսքով՝ նրա լյարդը վարդագույն էր, պաշտետի էր նման, ճարպով գերաճած: Այսպիսի լյարդ են սովորաբար ունենում այն մարդիկ, որոնք չարաշահում են ալկոհոլը, սակայն այս կինը գործնականում ալկոհոլ չի օգտագործել, եւ լյարդի ճարպային հիվանդությունը, որը կարող է հանգեցնել ցիրոզի կամ քաղցկեղի, նրա դեպքում ճարպակալման հետեւանք էր:

Այնուհետեւ մասնագետները հետազոտել են կնոջ թոքերը, որոնք հեղուկով էին լցված եւ սրտի անբավարարության հետեւանքով այտուցով ախտահարված: Մասնագետների պարզաբանմամբ՝ սրտի անբավարարությունը նույն բանը չէ, ինչ սրտի կաթվածը. սրտի անբավարարության պատճառով սիրտը ժամանակի ընթացքում է սկսում «հրաժարվել» գործել: Այս կինն ինչ-որ ժամանակ հավանաբար աստիճաններով հեշտ է բարձրացել, հետո դա ավելի ու ավելի է դժվարացել, իսկ կյանքի ավարտին մոտ նա հավանաբար դժվարությամբ է հաղթահարել մի քանի աստիճանը՝ նրան թթվածինը չի բավարարել, եւ նա չի կարողացել նորմալ շնչել:

Կնոջ ճարպակալումն ազդել էր նաեւ նրա երիկամների աշխատանքի վրա: Առողջ մարդու երիկամները լոբու հատիկների են նման, իսկ դրանց վրա շատ քիչ ճարպ կա: Այս կնոջ երիկամների վրա չափազանց շատ ավելորդ ճարպ կար: Դրանից զատ, ճարպակալման դեպքում երիկամները ստիպված են սովորականից ավելի շատ աշխատել, եւ ավելորդ ծանրաբեռնվածությունը նրանց օգտին չէ եւ կարող է հանգեցնել դրանց չգործելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում