Ինչու է երբեմն մարդկանց վրայից ուժեղ հոտ գալիս

24 մարտի, 2014  10:29

Շատերն ամեն օր որոշ ժամանակ են ծախսում մարմնի հոտից ազատվելու համար: Մարմնի հոտը մարդկանց մեծ մասի դեպքում լիովին սովորական է: Դա ընդամենը մարդու մաշկի վրա քրտնքի ու բակտերիաների փոխազդեցությունն է, փոխանցում է Fox News-ը:

Եվ եթե մարդկանց մեծ մասը հեշտությամբ կարող է ազատվել քրտնքի տհաճ հոտից՝ հետեւելով հիգիենայի կանոններին, ոմանց համար դա այնքան էլ հեշտ չէ:

«Մարմնի հոտին նպաստում են որոշ հազվադեպ հիվանդություններ,- ասում է Monell Chemical Senses կենտրոնի օրգանական քիմիկոս Ջորջ Փրեթին, ով ուսումնասիրում է մարդու հոտերի բնությունն ու ծագումը:- Այդպիսի հիվանդություններից է Տրիմետիլամինուրիան (ՏՄԱՈՒ), որով տառապում է 200000 մարդուց մեկը»:

«Մետաբոլիկ ՏՄԱՈՒ հիվանդությունը բնորոշվում է հիվանդի յուրահատուկ հոտով,- ասում է Փրեթին:- Դա շատ անսովոր է: Ծանր դեպքերում մարդուց փտած ձկան հոտ է գալիս»:

Այդ հազվադեպ հիվանդությունը բնորոշվում է տրիմետիլամինը՝ աղիքային նյութափոխանակության կողմնակի արտադրությունը մետաբոլիզմի ենթարկելու մարմնի անընդունակությամբ: Որպես հետեւանք՝ այդպիսի հիվանդների օրգանիզմում տրիմետիլամինի ավելցուկ է լինում, ինչն էլ այդպիսի տարօրինակ հոտի պատճառն է: ՏՄԱՈՒ սովորաբար ախտորոշվում է երիտասարդների շրջանում, տհաճ հոտը հիվանդության հիմնական ախտանիշն է:

Այլ մետաբոլիկ հիվանդություններ եւս կարող են մարմնի տարօրինակ հոտի պատճառ դառնալ՝ երիկամների, լյարդի որոշ լուրջ հիվանդությունները, դիաբետը՝ սովորաբար վատ շնչառության տեսքով: Բայց սա լինում է հիվանդության շատ ուշ փուլում:

«Կան մասնագետների հատուկ խմբեր, որոնք շներին ընտելացնում են ճանաչելու հիվանդությունների հոտերը,- ասում է Փրեթին:- Նրանք կարող են հիվանդությունը ճանաչել վաղ փուլում՝ երեխաների բերանի հատուկ հոտով»:

Ժողովրդական կարծիք կա, որ կծու սնունդը կամ կարիի համով ուտելիքները կարող են հանգեցնել մարմնի տարօրինակ հոտի: Սակայն այս տեսությունը դեռ քննարկվում է:

«Չնայած դա հնարավոր է,- ասում է Փրեթին,- քանի որ համեմունքի գրեթե բոլոր բաղադրիչները ճարպի լուծիչ են: Ճարպի միջոցով դրանք ընկնում են թքի եւ քրտնքի մեջ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում