Սառեցնող սաղավարտի օգտագործումը, որը քիմիաթերապիա անցնելիս սառեցնում է գլխի մաշկը, կարող է կաթնագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց օգնել խուսափել մազաթափությունից: Այս մասին հայտնել են Բեյլորսկի բժշկական քոլեջի մասնագետները, որոնք հետազոտություն են կատարել 1-ին եւ 2-րդ փուլի կաթնագեղձի քաղցկեղով հիվանդ 235 կանանց մասնակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից պետք է քիմիաթերապիայի 4 եւ ավելի շրջափուլ անցներ: Սառեցնող սաղավարտն օգնել է հիվանդների կեսից ավելիին:
Հետազոտության հեղինակ Ջուլի Ռանի Նանգյան պարզաբանել է, որ մազերի կորուստը ազդում է կանանց հոգեբանական վիճակի վրա:
Պարզելու համար՝ գլխի մաշկի սառեցումն իսկապե՞ս կարող է խոչընդոտել մազաթափությանը, Ջուլի Նանգյան եւ նրա գործընկերները մասնակիցներին 2 խմբի են բաժանել: Կանանց 2/3-ը գլխի մաշկը մինչեւ 17 աստիճան սառեցնող սաղավարտը հագել է անտրացիկլինով եւ տաքսանով քիմիաթերապիան սկսելուց կես ժամ առաջ, եւ այն հանել են դեղերն ստանալուց միայն 90 րոպե հետո: Կանանց 1/3-ը սաղավարտ չի հագել, նրանք ընդգրկված էին ստուգիչ խմբում: Արդյունքում՝ 1-ին խմբի հիվանդների 50,5 տոկոսը խուսափել է մազաթափությունից, մազերը միայն ավելի բարակ են դարձել: Ստուգիչ խմբում անխտիր բոլոր հիվանդները մազերը կորցրել են:
Քիմիաթերապիան ներգործում է արագ կիսվող բջիջների վրա, իսկ դրանք ոչ միայն քաղցկեղային բջիջներն են, այլ նաեւ մազապարկերը: Սառեցումն օգնում է նվազեցնել մազապարկերին արյան մատակարարումը, ինչի շնորհիվ նրանց է հասնում տոքսիկ դեղամիջոցի փոքր քանակ: Սակայն սաղավարտի օգտագործումը բացասական կողմեր էլ ունի՝ այն հագնող հիվանդները դժգոհել են անհարմարավետությունից եւ գլխացավից, դրանից զատ, սաղավարտը բավական թանկ արժե՝ 1000 դոլարից ավելի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում