Մարիխուանա ծխելը կարող է հանգեցնել շիզոֆրենիայի

21 դեկտեմբերի, 2016  10:32

Շիզոֆրենիան կարող է ոչ միայն նպաստել մարիխուանա ծխելուն, այլեւ առաջանալ դրա հետեւանքով: Նման պնդմամբ են հանդես եկել Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի համաճարակաբանները, որոնք վերլուծել են գեների, հոգեկան հիվանդությունների եւ հոգեմետ նյութերի հանդեպ հակման միջեւ կապի որոնման շուրջ հետազոտությունների արդյունքները: Դրանք ներկայացված են Psychological Medicine ամսագրում:

Ուսումնասիրելով ասոցացման լիագենոմ որոնումների արդյունքները՝ գիտնականները պարզել են, թե որ գեներն են նպաստում մարիխուանա օգտագործելուն, իսկ որոնք՝ շիզոֆրենիայի զարգացմանը: Դա թույլ է տվել հասկանալ, թե մարիխուանա ծխելու հավանականությունն ինչ կապ ունի հոգեկան խանգարումների վտանգի հետ՝ բացառելով հնարավոր մյուս գործոնները:

Պարզվել է, որ շիզոֆրենիայի առաջացման բարձր ռիսկը նպաստում է մարիխուանա օգտագործելու հավանակության մեծացմանը: Մասնագետները սա բացատրում են այն հանգամանքով, որ մարիխուանան կարող է հիվանդների կողմից ախտանշանների թեթեւացման համար օգտագործվել: Սակայն հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ հոգեմետ նյութերի օգտագործումը կարող է սադրել հոգեկան հիվանդության առաջացումը:

Ասոցացման լիագենոմ որոնում են կոչում այն հետազոտությունը, որի ժամանակ կապ է բացահայտվում գեների որոշակի տարբերակների (ալելային գեների) եւ այնպիսի ֆենոտիպային նախանշանների միջեւ, ինչպիսին են, օրինակ, հիվանդությունները: Դրա համար գիտափորձի մասնակից հիվանդների գենոմները համեմատում են առողջ մարդկանց գենոմների հետ: Եթե փորձնական խմբի մարդանց մոտ մի տեսակի ալելային գեներն ավելի հաճախ են հանդիպում, քան առողջ խմբի մարդկան մոտ, ասում են, որ այդ տարբերակներն ասոցացվում են հիվանդության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում