Ինչպե՞ս ձմռանը խուսափել վնասվածքներից. մասնագետի խորհուրդները

24 դեկտեմբերի, 2016  22:25

Երեւանի եւ Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքների փողոցներն ու մայթերը պատված են մերկասառույցով, արդյունքում դյուրին է սայթաքելն ու ընկնելը: Ինչպե՞ս ձմռանը խուսափել վնասվածքներից. NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը:

Մասնագետի կարծիքով՝ այս սեզոնին ամենակարեւորը լավ ձմեռային կոշիկն է: Հարկավոր է տաք եւ ամուր կոշիկ ընտրել, որը չի սայթաքում եւ որում Ձեզ վստահ եք զգում: Վնասվածքաբանը խորհուրդ է տալիս մոռանալ բարձրակրունկների մասին. ընդ որում՝ ոչ միայն ձմռանը, այլեւ տարվա մյուս եղանակներին:

Որոշ կանայք կարծում են, որ ձմռանը բարձրակրունկ կոշիկ հագնելը լավ գաղափար է, քանի որ կրունկը մտնում է ձյան եւ սառույցի մեջ՝ որոշակի կայունություն ապահովելով: Սա, մասնագետի պնդմամբ, սխալ կարծիք է: Ցանկացած բարձրակրունկ կոշիկ, նրա խոսքով, մեծացնում է ընկնելու վտանգը՝ ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը:

«Աշխարհում ոչ մի մասնագետ չի կարող խորհուրդ տալ բարձրակրունկ կոշիկ հագնել: Հարթաթաթությունը, թաթի դեֆորմացիան եւ մի շարք այլ խնդիրներ բարձրակրունկների արդյունք են»,- նշեց մասնագետը:

Վաչագան Այվազյանը նաեւ հավելեց, որ ձմռանը վնասվածքների թիվը նվազեցնելու համար հարկավոր է ավելի լավ մաքրել մայթերն ու շենքերի տանիքները, որպեսզի մարդկանց ոտքի տակ սայթաքուն չլինի, իսկ տանիքից գլխին սառցի կտորներ չընկնեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում