Առողջապահության նախարարությունը պլանավորում է «Գրոսբուխ» վարել ծախսերի կրճատման համար եւ մտադիր է դա անել էլեկտրոնային առողջապահության միջոցով։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine–ի պետպատվերի բաշխման մեջ փոփոխությունների մասին հարցին։
Նա նշել է, որ մեթոդաբանական աշխատանքը դեռեւս ընթացքի մեջ է, եւ ինքը կարող է մոտավորապես ներկայացնել միջոցների բաշխման սկզբունքը, առանց մանրամասներ նշելու։ Այսպես՝ նախարարի խոսքով, մինչեւ հիմա հիվանդանոցին տարեսկզբում հայտնում էին, թե ինչ է ստանալու, ասենք 100 մլն պետպատվեր, իսկ հետո հիվանդանոցը ամսական 9 մլն դրամի կատարողական էր ներկայացնում։
«Մենք ընդհանուր 9 մլն դրամի կատարողական ենք ունեցել, եւ հիվանդների անունները՝ հիվանդության ախտորոշմամբ, եւ թե որքան է ծախսվել բուժման համար։ Այդ ինֆորմացիան ստուգելու ոչ մի մեթոդ չկա, թե եղել է արդյոք այդ հիվանդը այդ հիվանդանոցում, ունեցել է հենց այդ ախտորոշումը, թե ոչ, ստացել է նկարագրված ծառայությունները, արժի արդյոք այդ բուժօգնությունը հենց այնքան, որքան գրված է։ Մեր հիվանդանոցներին չհավատալու ոչ մի առիթ չունենալով՝ կասեմ հետեւյալը։ Երբ գերմանական ընտանիքում կինը սկսում է վարել «գրոսբուխ»՝ ծախսերի գիրք, ընտանիքի ծախսերը 30 տոկոսով կրճատվում են։ Դա քրեստոմատիկ օրինակ է։ Մենք կփորձենք «գրոսբուխ» վարել, վերահսկել ծախսերը եւ կանենք դա էլեկտրոնային առողջապահության միջոցով։ Թղթի վրա մատիտով դա անհնար է անել, դա կարելի է անել սոֆթի միջոցով, որն էլ հիմա ընթացքի մեջ է»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ էլեկտրոնային առողջապահության կիրառումը թույլ կտա ամեն մեկին հետեւել, թե ինչ միջոցներ են հատկացվում այս կամ այն հիվանդի բուժման համար կամ այս կամ այն կլինիկային, ինչպես նաեւ վերլուծել այդ միջոցների հատկացման տրամաբանությունը։ «Մենք վստահ ենք, որ դրանով մենք կկանխենք անգամ չարաշահում կատարելու ցանկությունը»,– ասել է նախարարը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում