Մասնագետները խորհուրդ են տալիս ակտիվ կենսակերպ վարել՝ անկախ եղանակային պայմաններից

13 հունվարի, 2017  22:37

Ձնառատ, ցրտաշունչ եւ մռայլ՝ այսպես կարելի է բնորոշել հատկապես այս ձմեռը: Հետտոնական իրարանցումից հետո մարդիկ փորձում են փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, տարվա եղանակն էլ նպաստում է պասիվ կենսակերպին, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ցուրտ եղանակը, նույնիսկ այն մարդկանց պարագայում, ովքեր սովորություն ունեն ոտքով քայլելու, քիչ ցանկություն է թողնում: Արդյունքում, տոնական տարատեսակ խորտիկների չարաշահումից, արձակուրդների պատճառով տանը երկար մնալուց հետո մենք ոչ միայն ավելացնում ենք մեր քաշը, այլեւ մի շարք հիվանդագին վիճակների զարգացման համար ռիսկեր նախապատրաստում:

Պասիվ կենսակերպը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, դժվարանում է մարսողությունը, օգտակար վիտամինների եւ հանքանյութերի յուրացումը,  ի հայտ է գալիս աննախադեպ հոգնածություն, տրամադրության եւ աշխատունակության անկում:

Մասնագետները խորհուրդ են տալիս, անկախ եղանակային պայմաններից, վերանայել կենսակերպը՝ կանխելու հիվանդացությունը, վերականգնելու եւ սահմանելու առողջ կենսակերպ:

Այսպես`

առավոտյան աշխատանքի կամ դասի գնալիս առաջարկվում է 10-15 րոպե քայլել, բարձրանալ աստիճաններով՝ վերելակից օգտվելու փոխարեն, գրասենյակում հաճախ քայլել, յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ վեր կենալ՝ հատկապես, եթե նստակյաց աշխատանքի եք, ժամանակն է նախընտրել տաք ապուրները՝ ընդեղենով տաք ուտեստները ոչ միայն հաճելի են ձմռանը, այլեւ քիչ կալորիականություն ունեն, պետք է հաճախ օգտագործել չրեղեն եւ դրանցից պատրաստված տաք կոմպոտներ, վաղ առավոտյան եւ երեկոյան օդափոխել մշտական գտնվելու վայրերը՝ աշխատասենյակներն ու բնակարանը, չէ՞ որ դանդաղած նյութափոխանակությունը հնարավորություն է ստեղծում հատկապես օդակաթիլային հիվանդությունների զարգացման համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում