Շուքուրյան ազգանունը Հայաստանի առողջապահության ոլորտին ծառայում է ավելի քան ինը տասնամյակ

15 հունվարի, 2017  18:46

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, «Էրեբունի» ԲԿ ՔԿԱ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Արթուր Շուքուրյանը ծնվել է 1956 թ. Երեւանում: Ականավոր բժիշկ Կիմ Շուքուրյանի որդին է: 1979 թ. ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը, ապա, 1979-1981 թթ., Մոսկվայի Առաջին պետական բժշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրան, իսկ 1981-1984 թթ.` ասպիրանտուրան` քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտությամբ, սկիզբ դնելով մասնագիտական փայլուն ուղու: Արթուր Շուքուրյանի գործունեության ոլորտը վերաբերում է հաղորդչական ծանրալսուրության վիրաբուժական վերականգնմանը, քրոնիկական նշիկաբորբով հիվանդների կլինիկալաբորատոր հետազոտմանը եւ լսողությունը վերականգնող վիրահատություններին: 200-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, ունի մեկ մենագրություն: Անդամակցում է մի շարք միջազգային գիտական հանդեսների եւ ընկերությունների: Արթուր Շուքուրյանն արժանացել է բազմաթիվ կոչումների եւ մրցանակների, որոնցից են՝ ՀՀ նախագահի մրցանակը, բժշկագիտության բնագավառում տրվող «Կոչում» մրցանակը, «ՀՀ վաստակավոր բժիշկ» կոչումը, Քալիֆորնիայի Օրենսդրական ասամբլեայի ճանաչման վկայականը եւ այլն:

Դոկտո՞ր Շուքուրյան, ի դեմս Ձեր հոր` Կիմ Շուքուրյանի, տասնամյակներ շարունակ Ձեր ազգանունը հայ բժշկության զարգացման մեջ իր նշանակալի դերն ու ավանդն ունի: Շարունակելով սկսած ուղին եւ լինելով մասնագիտական հարստության կրողը, ի՞նչ ձեռքբերումներով եւ նորամուծություններով եք հարստացրել այն:

Հայրս՝ Կիմ Շուքուրյանը, մինչեւ կյանքի վերջին օրն իր աշխատանքի նվիրյալն էր: Ավելի քան իննսուն տարի Շուքուրյան ազգանունը ծառայում է քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին եւ իր ուրույն դերն ունի հայ բժշկության զարգացման գործում: Հայրս, դեռ 1957 թվականից, լսողությունը վերականգնող ամենաբարդ վիրահատություններն էր իրականացնում Հայաստանում, եւ այդպես սկսվեց լսողության վերականգնման կարեւորագույն վիրահատությունների ներդրումը: Հետագայում զարգացավ այդ ճյուղը, եւ այժմ մեր կենտրոնում կատարվում են լսողությունը վերականգնող ամենաբարդ` ներխխունջային ներպատվաստումներով վիրահատություններ: Բացի այդ, առաջիններից էինք, որ կիրառեցինք ընդհանուր անզգայացում: Թեեւ մեր գործընկերները, ցավոք, բազում խոչընդոտներ առաջացրեցին: Նրանք կարծում էին, որ չարժե արագ ընթացող վիրահատություններն իրականացնել ընդհանուր անզգայացմամբ: Հետագայում, արդեն համագործակցության շնորհիվ, նրանք տիրապետեցին որոշակի նրբությունների, եւ ներկայումս այդ մեթոդը հաջողությամբ կիրառում են:

Ներդրեցինք նաեւ էնդոսկոպիկ քիթ-կոկորդային վիրահատությունները, որոնք այժմ լայնորեն կիրառվում են: Պետք է խոսել նաեւ լսողական ապարատների մասին: 1995 թ.-ից իրականացրեցինք լսողության դասակարգում եւ սկսեցինք տարբերակված մոտեցում ցուցաբերել, ինչը հնարավորություն է ստեղծում ապարատներ տեղադրել առանց վիրահատության: Պետք է նպաստել հիվանդների սեռի եւ տարիքի դասակարգմանը: Այս հարցում աջակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Մեր կողմից ներդրված հաջորդ ծրագիրը նորածինների աուդիոլոգիական սկրինինգն է, որը հնարավորություն է ընձեռում կյանքի առաջին իսկ օրից ստուգել՝ արդյո՞ք նորածիններն ունեն լսողության խնդիրներ, թե՞ ոչ:

Լինելով ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, Դուք համակարգում եք բժշկության քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղը: Ինչի՞ց է սնվում մեկ ամբողջ ոլորտ հաջողությամբ առաջնորդելու ուժը:

Հիմնական սկզբունքն այն է, որ փորձում ենք չզիջել միջազգային ժամանակակից կենտրոններին, ինչը նշանակում է նորարարությունները ներդնել նաեւ Հայաստանում: Իհարկե, նպաստող գործոն է նաեւ մեր մասնակցությունը տարբեր միջազգային կոնգրեսների, հանդիպումների: Կարեւոր եմ համարում 2008 թ. «Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիա»-ի ստեղծումը: Բացի այդ, կազմակերպվում են տարատեսակ հանդիպումներ, գիտաժողովներ եւ այլն:

Հիրավի, բժշկի համար վստահության արժանանալը ոչ միայն կարեւորագույն ձեռքբերում է, այլեւ` կոչում: Դուք ՀՀ վաստակավոր բժիշկ եք, եւ աներկբա է Ձեր գործունեության նկատմամբ հավատը: Արդյո՞ք սա է այն ցանկալի սահմանագիծը, ինչին ձգտում է բժիշկը:

Գնահատված լինելը բժշկի համար կարեւոր գործոն է, առանց որի՝ բժիշկն իր կատարած աշխատանքով երբեք չի բավարարվի: Գնահատում է առաջին հերթին հիվանդը, եւ եթե սրան ավելանում է նաեւ հանրության գնահատականը, արդեն իսկ բժիշկը մեծ պատվի է արժանանում: Բժշկի կոչումները, իհարկե, կարեւոր են եւ մեծ նշանակություն ունեն, սակայն եթե հիվանդի կողմից գնահատականը, որպես ամուր սյուն, բացակայում է, ամեն բան կորցնում է իմաստը:

Տեսությունն ու պրակտիկան գիտության եւ տվյալ ոլորտի զարգացման երկու փոխլրացնող պայման են: Դուք հնարավորություն ունեք դիտարկել եւ՛ տեսությունը, եւ՛ պրակտիկան: Այս պարագայում՝ որպես բժիշկ եւ միաժամանակ գիտնական, իդեալական է այս երկուսի համադրությո՞ւնը, թե՞ Ձեզ համար նախընտրելի եւ գրավիչ է սրանցից միայն մեկը:

Հմուտ, արհեստավարժ մասնագետը պետք է աշխատի համակցված, չի կարելի մեկը տարանջատել մյուսից: Ներկայումս ունենք բժշկական գիտությունների 17 թեկնածու: Նրանց աշխատանքին ծանոթանալիս պարզ է դառնում, որ վերոնշյալ երկու ուղղությունները համակցված են: Նրանք իրենց աշխատանքում օգտագործում են թե՛ տեսականը, թե՛ գործնականը: Այլ կերպ չի կարող լինել: Բժիշկը չի կտրվում գիտական բնագավառից: Գործնականում բժիշկը կարող է արտակարգ մասնագետ լինել, բայց եթե գիտության նորություններին ծանոթ չէ, իր համար բարդ է մասնագիտության մեջ առաջընթաց ունենալը:

Ղեկավարելով նաեւ ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնը, Դուք պատրաստում եք ոլորտի մասնագետներ: Որպես այս բնագավառի գիտակ` աշխատանքային ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում, եւ ո՞րն է Ձեր մասնագիտական երազանքը:

Այո', բժշկի գործունեության մեջ փորձի փոխանցումը կարեւոր է, քանզի ուշ թե շուտ սերնդափոխություն պետք է լինի եւ շարունակվի նվաճումները: Եթե չկարեւորենք այս ուղղությունը, մասնագիտությունն ապագա չի ունենա: ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնը տարիներ շարունակ այս մոտեցմամբ է առաջնորդվել: Նույնը փորձում ենք շարունակել: Եթե համեմատենք թվային ցուցանիշները, ապա պարզ կդառնա,որ ամբիոնն առաջատարներից է, եւ քիչ չեն այն շրջանավարտները, ովքեր ձգտում են շարունակել կրթությունն օրդինատուրայում:

Դիտարկելով Ձեր անցած ճանապարհը` հիացմունք է առաջացնում հաջողությունների եւ մասնագիտական վերելքի կուռ ուղին: Ի՞նչն է այն շարժիչ ուժը, որը բժշկին մղում է օրվա 24 ժամից 23-ը նվիրել Մարդուն:

Կարծում եմ՝ ամենակարեւորը մարդու գնահատականն է, ինչն անպայմանորեն պայմանավորված է բժշկի ձեռք բերումներով: Երբ դու համոզվում ես, որ քո գիտելիքներն ու հնարավորությունները, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում են հիվանդի առողջացմանը, սա արդեն դառնում է ամենահզոր շարժիչ ուժը: Այն գիտակցումը, որ փորձը, գիտելիքները փոխանցվում են երիտասարդ գործընկերներին եւ որոշակի արդյունք տալիս, նոր ուժ եւ լիցքեր է հաղորդում: Ցավոք, քիչ չեն նաեւ ցավալի դեպքերը, ինչն ազդակ է՝ առավել հմտանալու եւ ոլորտը բարելավելու ուղղությամբ նոր ծրագրեր մշակելու եւ կիրառելու առումով: Պետք է կարողանալ լինել եւ՛ բժիշկ, եւ՛ հոգեբան, հասկանալ հիվանդի սոցիալական, ընտանեկան իրավիճակը, կարեկից լինել նրան:

Հոգեբանորեն ահռելի ծանրություն կա բժշկի ուսերին: Որտե՞ղ եք վերագտնում անդորրը:

Նախեւառաջ՝ ընտանիքում: Վստահ եմ՝ ցանկացած բժիշկ նման ձեւով կպատասխանի: Ինձ օգնում են նաեւ գործընկերներիս հետ քննարկումները: Գործընկերների հետ կարողանում ես բազմաթիվ թեմաներ վերլուծելով՝ եւ՛ պատասխաններ գտնել, եւ՛ համեմատել, եւ՛ տարբեր տեսանկյունների ծանոթանալ:

Հ.Գ. Մասնագիտական գործունեությունից զատ, Արթուր Շուքուրյանը դասական, հատկապես՝ Պրոկոֆեւի երաժշտության, Մարկ Տվենի գրականության եւ ծովի անդորրի սիրահար է:

https://erebunimed.com/arm/news.more/221

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում