Քիչ շարժունակ կենսակերպը վաղաժամ ծերության է հանգեցնում

20 հունվարի, 2017  10:25

Տարեց կանայք, որոնք քիչ շարժունակ կենսակերպ են վարում, կյանքի տեւողությունից 8 տարի են կորցնում: Նման եզրակացության են հանգել Սան Դիեգոյի Քալիֆորնիայի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները: Նրանց աշխատանքը ներկայացնող հոդվածը հրապարակվել է American Journal of Epidemiology ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 64-ից մինչեւ 95 տարեկան 1500 կին: Նրանց աջ ազդրին սարք է ամրացվել, որը 7 օր նրանց ֆիզիկական ակտիվությանն է հետեւել ինչպես օրվա ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին: Այնուհետեւ գիտնականները չափել են տելոմերների՝ քրոմոսոմների ծայրամասերի երկարությունը, որոնց կարճացումը կապված է ծերացման հետ:

Հաստատվել է, որ օրական թեկուզ 30 րոպե ֆիզիկական վարժություններով զբաղվող կանանց տելոմերներն ավելի երկար են, քան նստակյաց կյանք վարող կանանց տելոմերները: Դա ցույց է տալիս, որ վերջիններիս բջիջներն ավելի արագ են ծերանում: Սա, իր հերթին, մեծացնում է այնպիսի ծանր հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսին են՝ քաղցկեղը կամ շաքարախտը:

Տելոմերները կազմված են ԴՆԹ-ի կրկնվող հերթագայությունների շարքից: Դրանք բազմացող քրոմոսոմները պաշտպանում են վնասվելուց, սակայն յուրաքանչյուր անգամ կիսվելիս բջիջները կարճանում են: Համարվում է, որ այս պրոցեսը կապված է ծերացման հետ, եւ չափազանց կարճ տելոմերներով բջիջները չեն կարողանում իրենց գործառնությունը կատարել եւ մահանում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում