Շնաձկները գիտնականներին ոգեշնչել են թոքերի ֆիբրոզի դեմ նոր դեղ ստեղծելուն

31 հունվարի, 2017  23:48

La Trobe University-ի (Ավստրալիա) գիտնականները պատրաստվում են թոքերի ֆիբրոզի դեմ նոր դեղ թեստավորել, որի ստեղծմանը նրանց ոգեշնչել են…շնաձկները:

Շնաձկները չափազանց արտասովոր իմունային համակարգ ունեն. նրանք տարբերվում են հակաքաղցկեղային տպավորիչ պաշտպանությամբ, որն ապահովող նյութը պարունակվում է շնաձկների կռճիկներում: Դա անգիոգենինի անհիբիտորն է, որը խոչընդոտում է ուռուցքը սնուցող նոր անոթների կազմավորմանը: Այսպիսով, բավարար քանակով թթվածին եւ սնուցող նյութեր չստանալով՝ ուռուցքը սկսում է «խեղդվել», եւ նրա բջիջները մահանում են:

Գիտնականների ստեղծած նոր դեղամիջոցը իմիտացնում է շնաձկան իմունային համակարգի մի հատվածի աշխատանքը եւ ուղղված է թոքերի ֆիբրոզի բուժմանը, որը բնութագրվում է սպիավոր հյուսվածքի առաջացմամբ եւ շնչառական ծանր խնդիրներով: Փորձնական միջոցի հիմքում դրված միացությունը՝ AD-114, մարդկային սպիտակուց է, որը կառուցված է շնաձկան հակամարմնի ձեւով:

Մկների վրա կատարված փորձերով պարզվել է, որ AD-114-ը թոքերի եւ լյարդի ֆիբրոզի աստիճանը կրճատում է բուժման համապատասխանաբար 14-րդ եւ 21-րդ օրը: Ամենակարեւորն այն է, որ փորձնական դեղամիջոցի օգտագործմամբ բուժման արդյունավետությունը ավելի բարձր է, քան ստանդարտ դեղերով: Նոր դեղը գերազանց է հաղթահարել բորբոքումները եւ ֆիբրոզը՝ կոլագենին թույլ չտալով կուտակվել եւ ըստ էության՝ հարվածել թոքերին:

Գիտնականների ենթադրությամբ՝ միջոցը կարող է արդյունավետ լինել նաեւ լյարդի, մաշկի, աչքերի, սրտի եւ երիկամների ֆիբրոզը բուժելիս: Սակայն նրանք հիմա ծրագրում են պատրաստուկը թեստավորել թոքերի ֆիբրոզով մարդկանց վրա, իսկ թե երբ կսկսվեն կլինիկական փորձարկումները՝ դեռեւս հայտնի չէ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում