Ռոբոտ-ուռուցքաբանը չինացի բժիշկներին օգնում է ախտորոշում կատարել

7 փետրվարի, 2017  13:07

Ռոբոտ-ուռուցքաբան Watson-ը ստամոքսի քաղցկեղ ունեցող հիվանդի տվյալների հիման վրա 10 վայրկյանում բուժման լավագույն կուրսն է մշակել, որն ամբողջությամբ համընկել է Հյուսիսային Չինաստանի Տյանցզին քաղաքի Երրորդ կենտրոնական հիվանդանոցի բժիշկների որոշման հետ:

Տվյալների հսկայական բազայի վերլուծությամբ Watson-ը, որը վերջերս է «աշխատանքի ընդունվել» այս հիվանդանոցում, ախտորոշում է կատարում եւ հիվանդության բուժման առավել օպտիմալ, համալիր ծրագիր կազմում:

Ամերիկյան IBM ընկերության մշակած ինտելեկտուալ ախտորոշման եւ բուժման համակարգի հիման վրա ստեղծված ռոբոտը «ստաժավորում» է անցել ամերիկյան մի քանի հիվանդանոցներում, որտեղ ուռուցքաբանության մասին ավելի քան 200 գիրք է «ուսումնասիրել», 15 մլն էջ անհրաժեշտ տեղեկատվություն եւ ավելի քան 600 հազար բժշկական փաստաթղթեր: Այն կարողանում է հիվանդների տվյալներից ընտրել գլխավոր բառերն ու բուժման լավագույն տարբերակը կազմել:

Watson-ի օգնությամբ բժիշկները նաեւ այնպիսի կարեւոր տվյալներ են ստանում, ինչպիսիք են հիվանդությունը հաղթահարելու գործակիցը, կողմնակի ազդեցությունները եւ առաջարկվող բուժման կուրսն ընտրած հիվանդների թիվը:

Ռոբոտ-ուռուցքաբան Watson-ը կարող է խորհրդատվություն տրամադրել քաղցկեղի վեց տեսակով հիվանդների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում