Ավստրալիայում 143 հազար ընտանիք պատվաստումից հրաժարվելու համար նպաստ չի ստացել

22 փետրվարի, 2017  10:45

Ավստրալիայի իշխանությունները դադարել են երեխայի նպաստ վճարել այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են պատվաստել երեխաներին: Արդյունքում նպաստից զրկվել է 143 հազար ընտանիք:

Ավստրալական 9News-ի փոխանցմամբ՝ իշխանությունները որդեգրել են «չկա պատվաստում, չկա վճարում» քաղաքականությունը: Առողջապահության նախարար Գրեգ Հանթի խոսքով՝ չնայած քաղաքացիների հակասական արձագանքին, այս մոտեցման շնորհիվ 2016 թվականի հունվարից հաջողվել է ավելի քան 200 հազար երեխայի պատվաստել:

«Սա խիստ քաղաքականություն է, բայց խոսքը հասարակության առողջության եւ մեր հրաշալի երեխաների անվտանգության մասին է»,- նշել է նա:

Մինչեւ 5 տարեկան երեխաներ ունեցող 142.793 ընտանիքներ հրաժարվել են պատվաստումից, ինչի հետեւանքով զրկվել են 15 հազար դոլարի չափով նպաստից: Ավստրալիայում պատվաստված երեխաները 92.2%-ն են կազմում: Ամենաշատը պատվաստումից հրաժարվում են Սիդնեյի արեւելքում. այստեղ պատվաստումների ցուցանիշը 88.9% է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում