5-օրյա ծոմը օգտակար է առողջության համար. գիտնականներ

23 փետրվարի, 2017  21:10

5-օրյա ծոմը, որի ընթացքում մարդը կտրուկ կրճատում է օգտագործվող կալորիաների քանակը, առողջական վիճակի վրա դրական է ազդում, ծերացումը դանդաղեցնում է եւ օգնում է մի շարք հիվանդությունների դեմ պայքարին: Այս մասին հայտնում են University of Southern California-ի գիտնականները:

National Institute of Aging-ի եւ National Cancer Institute-ի ֆինանսավորած հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է Science Translational Medicine-ում, կամավորների խումբը 6 ամիս շարունակ ամսական 5 օր սնունդը սահմանափակել է: Այս կարճատեւ ժամանակահատվածում նրանց օրական սնունդը կազմել է 750-ից մինչեւ 1100 կալորիա՝ սովորական 2000-2500 կալորիայի փոխարեն: Ստուգիչ խմբում մարդիկ սովորականի նման են սնվել: Փորձի ավարտին «ծոմի» ռեժիմին հետեւած բոլոր կամավորների մոտ նկատվել է արյան ճնշման նվազում, արյան մեջ շաքարի մակարդակի կայունացում, նաեւ խոլեստերինի ավելի առողջ մակարդակ՝ նրանց համեմատությամբ, որոնք իրենց սնունդը չեն սահմանափակել: Դրանից բացի, առաջին խմբի մարդիկ միջինում 2,6 կգ նիհարել են:

Այսօր ժողովրդականություն է ստանում իսկական ծոմը, որի ընթացքում մարդիկ կարող են միայն ջուր խմել կամ չափազանց քիչ կալորիա օգտագործել: Գիտնականների խոսքով՝ այդպիսի խիստ ռեժիմին հետեւելը հեշտ չէ, նաեւ վտանգավոր, հատկապես եթե մարդը առողջական խնդիրներ ունի: Սակայն իրենց առաջարկած 5-օրյա «ծոմը», որի ընթացքում կարելի է 750-1100 կալորիա օգտագործել, դրական է ազդում առողջական վիճակի վրա, իսկ դրան հետեւելը դժվար չէ:

Գիտնականների խոսքով՝ այսպիսի «մինի հացադուլների» արդյունավետությունը հաստատելու համար ցանկալի է ավելի խոշոր հետազոտության անցկացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում