✕

Հայաստանում «Դեղերի մասին» նոր օրենքը պետք է նվազեցնի դեղերի գները

30 մարտի, 2014  17:58

Մոտ ժամանակներս երկար մշակվող «Դեղերի մասին» նոր օրենքը կներկայացվի ԱԺ քննարկմանը: Օրենքի հիմնական դրույթները քննարկվել են մարտի 29-30-ին Աղվերանում ընթացող դեղագործական ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» 5-րդ հանդիպման ժամանակ:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի պնդմամբ՝ օրենքը թույլ կողմեր չունի, բայց կա երկու հիմնական հարց, որոնց վերաբերյալ դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել:

Նախ, անհրաժե՞շտ է լիցենզիա տրամադրել դեղերի մեծածախ առեւտրի համար: Տեղի տնտեսագետները կարծում են, որ դրա խիստ անհրաժեշտությունը չկա, քանի որ դա լրացուցիչ բեռ է ներմուծողի համար: Բայց մյուս կողմից, դա GMP, GPP, GIP համակարգերի պարտադիր պահանջն է, քանի որ արտադրողը վաճառելով իր ապրանքը, հենց սկզբից մինչեւ այն սպառողին հասնելը պատասխանտվություն է կրում իր արտադրանքի համար:

Սակայն եթե վերահսկողություն չի իրականացվում մեծածախ առեւտրի նկատմամբ, նա հրաժարվում է պատասխանատվությունից՝ մեկնաբանելով, որ չգիտի, թե ինչ պայմաններում է արտադրանքը հասցվել նշանակված վայր:

«Բնականաբար, մենք կարծում ենք, որ արտադրողից մինչեւ սպառող շղթան ամբողջությամբ պետք է վеրահսկվի»,-NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է առողջապահության նаխարար Դերենիկ Դումանյանը՝ հավելելով, որ կա նաեւ եւս մեկ հարց՝ դեղերի գների վերահսկողության մեխանիզմը:

«Ոմանք ասում են, որ այդկերպ մենք սահմանափակում ենք ձեռնարկատերերի շահերը, բայց մենք դա շատ կարեւոր պահ ենք համարում, որովհետեւ երբեմն դեղերի գները շատ խիստ տատանվում են եւ չեն վերահսկվում»,-ընդգծել է Դումանյանը:

Ամենայն հվանականությամբ կվերահսկվի ոչ միայն գների վերին շեմը, այլեւ ներքին՝ դեմպինգային վիճակներից խուսափելու համար (ապրանքների վաճառք արհեստականորեն իջեցված գներով-խմբ):

Նախարարի խոսքով՝  գնային վերահսկողության շնորհիվ հնարավոր կլինի նվազեցնել դեղերի գները: Դեղերի  ազատումը ավելացված  արժեքի հարկից  (20 տոկոս) , ինչը կիրառվում է մեր հարեւան երկրներում եւ Մաքսային միության մի քանի երկրներում, չի քննարկվում: Դրա փոխարեն առաջարկվում է նոր մեխանիզմ ներդնել եւ փորձել կարգավորել դեղամիջոցների գները, որոնք գրանցված են առաջին անհրաժեշտության դեղամիջոցների ցանկում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում